«Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ կեղծելն արդեն իսկ շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինելու»:
Հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: «Ազդեցություն և հակազդեցություն» կոչվող հուշարձանը բացվեց արյունալի դեպքերից 15 տարի անց՝ Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից Մանկական այգու մուտքի մոտ: Հեղինակի քանդակագործը Ալբերտ Վարդանյանն է:
Ալբերտ Վարդանյան (քանդակագործ) - Սա ձոն է իմ կողմից մեր ժողովրդին, մեր իշխանություններին, որ այլևս չունենանք նմանատիպ օրեր, այլևս չտեսնենք նմանատիպ զոհեր, եթե ինչ-որ բան լինելու է հակամարտություն, հակասություններ, թող լինի գաղափարական:
Երկրի ղեկավարը նշեց՝ մարտի 1-ը ժողովրդի ազատ կամարտահայտությունը խոչընդոտելու, նրան արտահայտվելու և որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու համար է եղել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մարտի 1-ն այն մասին է, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որն ունենք որպես պետություն, որն ունենք որպես անկախ երկիր: Մարտի 1-ին և հետագայում նաև՝ 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պիտի մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար:
Ոչ թե պատճառ այլ հետևանք՝ հենց այս իմաստով պետք է դիտարկել մարտի 1-ը, ընդգծեց վարչապետը, որը այդ արյունալի իրադարձությունների կիզակետում է եղել:
ՀՀ վարչապետ - Մեր բոլոր պրոբլեմները ոչ թե պատճառ են, այլ հետևանք, հետևանք են մեր՝ ինչ-որ տեղ անգործության, ինչ-որ տեղ չափից ավելի մեծ կոմպրոմիսների գնալու, շատ երևույթների նկատմամբ չափից ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերելու: Եվ Մարտի 1-ի այս հուշարձանը մեզ համար պետք է տեսանելի վկայություն լինի այն մասին, թե ինչով ենք մենք զբաղված ամեն օր, ինչ ենք մենք կառուցում վաղվա համար, որովհետև այս օրն այսօր է՝ որպես երեկվա հետևանք, վաղն այսօր է լինելու՝ դարձյալ որպես երեկվա հետևանք:
Վարչապետի խոսքով՝ կանեն հնարավորը արժանի լինելու mարտի 1-ի, 44-օրյա պատերազմի, սեպտեմբերյան ագրեսիայի, Արցախի առաջին պատերազմի զոհերի հիշատակին:
ՀՀ վարչապետ - Բայց և նաև պիտի հիշենք մեր նպատակը, մեր վերջնական նպատակն այն է, որ մենք ինքնիշխանության համար, անկախության համար, ժողովրդավարության, իրավունքի և ազատության համար ոչ թե անընդհատ զոհվելով, այլ այդ ամեն ինչով ապրելու, մեր հայրենիքը, մեր պետությունը զարգացնելու և շենացնելու տրամաբանության մեջ հայտնվենք, որովհետև բավ են զոհերը, որովհետև մեր նպատակակետն ապրելու ժամանակն է, և այս օրը հենց դա է խորհրդանշում:
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու զոհերի հարազատները:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան