Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել, կան անհետ կորածներ: 85 տուժածներից 25-ի վիճակը գնահատվում է ծանր:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել գիշերը` Տեմպե բնակավայրի տարածքում:
Հաղորդվում է, որ ուղևորատար գնացքում շուրջ 350 մարդ է եղել: Գնացքն Աթենքից ուղևորվում էր Սալոնիկ: Բեռնատար գնացքը շարժվել է հակառակ ուղղությամբ: Բախման հետևանքով ուղևորատար գնացքի առաջին երեք շարժակազմերը դուրս են եկել գծերից, բռնկվել է հրդեհ: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԱՅԻՍԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է, որ երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսին։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
«Մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ պահանջվում է անել»,- ասել է Էրդողանը՝ արձագանքելով թուրքական կառավարության հասցեին հնչող քննադատություններին։
Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո քննարկվում էր այն հարցը, որ մայիսի 14-ին նշանակված ընտրությունները կարող են հետաձգվել: Ընդդիմությունը դեմ էր արտահայտվում հնարավոր չեղարկմանը՝ նշելով, որ ընտրությունների անցկացումը չի բխում Ռեջեփ Էրդողանի շահերից:
ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայում նոր երկրաշարժեր են գրանցվել: Երկրի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակի տվյալով՝ երկրում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 11000 հետցնցում։ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 53.000-ը:
Շինարարության և հիմնադրամների գնահատման լաբորատորիաների ասոցիացիայի ուսումնասիրությունների համաձայն՝ Թուրքիայի տարբեր շրջաններում նմուշառված բետոնի մոտ 26%-ում զգալի թերություններ են հայտնաբերվել: Ստամբուլում անորակ է ճանաչվել նմուշառված բետոնի մոտ 40%-ը: Ստամբուլի իշխանությունները հայտնել են, որ մտադիր են վերաբնակեցնել քաղաքի ոչ սեյսմակայուն մեկուկես միլիոն կացարանի բնակչի:
Լրատվամիջոցների տվյալով՝ վերջին ժամերին 4-ից ավելի մագնիտուդ ուժգնության երկրաշարժեր են գրանցվել նաև Վրաստանում, Հունաստանում, Մեքսիկայում, Ճապոնիայում, Ալբանիայում, Ֆիլիպիններում և Ֆիջիի ափերին:
ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ՀԵՏ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը G20-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Թուրք դիվանագետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար: Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները։
Մարտի 1-2-ը Նյու Դելիում անցկացվող G20-ի արտգործնախարարների հանդիպմանը, Հնդկաստանի փոխարտգործնախարար Վինայ Մոհան Կվատրայի խոսքով՝ մասնակցում է շուրջ 40 պատվիրակություն: Օրակարգում են ահաբեկչության և թմրամիջոցների դեմ պայքարը, գնաճը, պարենային, էներգետիկ և համաշխարհային կարևորության այլ հարցեր: Գլխավոր դիվանագետների ուշադրության կենտրոնում են Ուկրաինայում զարգացումները:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՌԱՇՏ-ԱՍՏԱՐԱ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Իրանի քաղաքաշինության փոխնախարարը տեսակապով հանդիպում է անցկացրել ռուս գործընկերոջ հետ, քննարկել Ռաշտ-Աստարա երկաթուղու ֆինանսավորման հարցը: Որոշում է կայացվել երեք ամսվա ընթացքում վերջնական համաձայնություն ձեռք բերել նախագծի իրագործման շուրջ: Ընդգծվել է, որ պայմանագրի ստորագրումից հետո առավելագույնը 6 ամսվա ընթացքում բոլոր ուսումնասիրությունները պետք է ավարտին հասցվեն, իրանական կողմը պետք է հատկացնի համապատասխան տարածքը: Ենթադրվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 2023-ի վերջին:
ՉԺՀ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄԸ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Պեկինում տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։ Վերջինս նշել է, որ Պեկինը վճռական է միջազգային տուրբուլենտության պայմաններում Բելառուսի հետ քաղաքական փոխվստահությունը խորացնելու հարցում:
Լուկաշենկոն էլ վստահեցրել է՝ Չինաստանի հետ շփումների ընդլայնումը Բելառուսի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Նա հավելել է, որ իր երկիրը միշտ հանդես է եկել «մեկ Չինաստանի» սկզբունքի օգտին և դեմ է Ժողովրդական Հանրապետության ներքին գործերին այլ երկրների միջամտությանը:
Հանդիպման ավարտին նախագահները ռազմավարական գործընկերության զարգացման հիմնական սկզբունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել: