Համաձայնագիրը վավերացնելու նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջև օդային հաղորդակցություններ հաստատելը և նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը:
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի ԱԺ մարտի 1-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը: Կանոնավոր չվերթերի իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի` դեպի Հայաստան շարժի, ինչպես նաև միջպետական, խորհրդարանական և այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի մայիսի 14-ին:
Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ այսօր Հայաստանի և Սիրիայի միջև ավիափոխադրություն իրականացվում է շաբաթական մեկ անգամ:
Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը: