Մենք բարձր ենք գնահատում հայ-մեքսիկական հարաբերությունները: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, և Հայաստանը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ: Այս մասին ասել է Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանը Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին, որին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Տաթևիկ Գասպարյանը, Թագուհի Ղազարյանը և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ բարեկամական խմբի ղեկավարը շնորհավորել է նրան Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպանի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքների արդյունքում կարձանագրվի արդյունավետ փախգործակցություն:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Մեքսիկան Հայաստանում: Նա նշել է, որ հայ-մեքսիկական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ է տեսնում:
Բարեկամական խմբի անդամները կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությունը նոր երանգներ կհաղորդի հայ-մեքսիկական հարաբերություններին:
Գուրգեն Արսենյանը գոհունակությամբ փաստել է, որ 2023 թվականի հունվարին, երբ Հայաստան էր այցելել Մեքսիկայի բարեկամական խմբի պատվիրակությունը, մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ: Նա հույս է հայտնել, որ այս ձևաչափով համագործակցությունը շարունակական կլինի:
Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար՝ նշելով, որ նման ոճրագործությունների ճանաչումը և դատապարտումը կարևոր են դրանց հետագա կանխարգելման համար: Ներկայացնելով իրավիճակը Հայաստանում և Արցախում՝ պատգամավորը նշել է, որ ակնկալում է նաև Մեքսիկայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում, այն է՝ վերադառնալ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման բովանդակային բանակցություններին:
Թագուհի Ղազարյանը նշել է, որ գիտության, կրթության և մշակույթի բնագավառում առկա են համագործակցության մի քանի օրակարգեր, որոնք քննարկվել և հստակեցվել Մեքսիկայի բարեկամական խմբի պատվիրակության Հայաստան կատարած այցի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ քննարկված ծրագրերը կյանքի կկոչվեն նաև դեսպանի աջակցությամբ ու մասնակցությամբ:
Դեսպանը հայ-մեքսիկական հարաբերությունները զարգացնելու գործում համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: