Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) նախնական ընթերցմամբ հավանություն է տվել ահաբեկիչների համար մահապատիժ սահմանելու մասին օրենքի նախագծին, գրում է DW-ն: Նախագծին կողմ է քվեարկել 52, դեմ՝ 49 պատգամավոր։
Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել կառավարական օրենսդրական հանձնաժողովում։ Դրանում ասվում է, որ մահապատիժը պետք է կիրառվի ցանկացած անձի նկատմամբ, որը ռասիստական դրդապատճառներով կամ ատելությամբ սպանություն է կատարում բնակչության որոշակի խմբի նկատմամբ՝ Իսրայելին վնաս հասցնելու մտադրությամբ:
Փաստաթուղթը հետագա քննարկման կներկայացվի Իսրայելի անվտանգության կաբինետ, որից հետո այն կվերադարձվի Կնեսետ՝ առաջին ընթերցմամբ քննարկմանը։
Եվրամիությունը դատապարտել է այս օրինագիծը։ «Մահապատիժը անհամատեղելի է մարդկային արժանապատվության հետ: Այն անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք է, ինչի հետևանքով դատական սխալները կարող են ճակատագրական դառնալ»,- գրել է Իսրայելում ԵՄ պատվիրակությունը: