Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքներ, ինչի հետևանքով առնվազն 36 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ էլ վնասվածքներ է ստացել: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել գիշերը` Թեսալիա և Մակեդիոնիա շրջանների սահմանին:
Հաղորդվում է, որ ուղևորատար գնացքում շուրջ 350 մարդ է եղել: Գնացքն Աթենքից ուղևորվում էր Սալոնիկ: Բեռնատար գնացքը շարժվել է հակառակ ուղղությամբ:
Բախման հետևանքով մարդատար գնացքի առաջին երեք շարժակազմերը դուրս են եկել գծերից, բռնկվել է հրդեհ: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:
85 տուժածից 25-ի վիճակը գնահատվում է ծանր:
ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայում նոր երկրաշարժեր են գրանցվել: Երկրի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակից հայտնել են, որ Ադըյամանում արձանագրվել է 4,2, իսկ Քահրամանմարաշում՝ 4,4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժեր: Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 11 000 հետցնցում։ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 53.000-ը:
Շինարարության և հիմնադրամների գնահատման լաբորատորիաների ասոցիացիայի ուսումնասիրությունների համաձայն՝ Թուրքիայի տարբեր շրջաններում նմուշառված բետոնի մոտ 26%-ում զգալի թերություններ են հայտնաբերվել: Ստամբուլում անորակ է ճանաչվել նմուշառված բետոնի մոտ 40%-ը: Ստամբուլի իշխանությունները հայտնել են, որ մտադիր են վերաբնակեցնել քաղաքի ոչ սեյսմակայուն մեկուկես միլիոն կացարանի բնակչի:
Լրատվամիջոցների տվյալով՝ երեկ 4-ից ավելի մագնիտուդ ուժգնության երկրաշարժեր են գրանցվել նաև Հունաստանում, Մեքսիկայում, Ճապոնիայում, Ալբանիայում, Ֆիլիպիններում և Ֆիջիի ափերին:
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԵԱՏՄ-Ի ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև առևտրային համաձայնագրերի կնքման հարցը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների մշտական ուշադրության կենտրոնում է՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
Նա ընդգծել է, որ առավել ինտենսիվ բանակցային գործընթաց է ընթանում Իրանի հետ՝ ազատ առևտրի լիարժեք համաձայնագրի շուրջ, նպատակ կա համապատասխան պայմանագիրը ստորագրել մինչև 2023 թվականի վերջ:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ առաջ է ընթանում նաև Եգիպտոսի հետ համանման փաստաթղթի պատրաստումը: Հնդկաստանը, Ինդոնեզիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ևս կառուցողական են տրամադրված:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԱՄՆ ԿՈՉԸ ՌԴ-ԻՆ
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին օրենքը: Պետդուման և Դաշնության խորհուրդը փետրվարի 22-ին միաձայն պաշտպանել էին երկրի ղեկավարի ներկայացրած օրինագիծը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է որակել Մոսկվայի որոշումը: Ամերիկյան կողմը կոչ է արել Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
Ռուսական կողմը հավատացրել է՝ միջուկային-հրթիռային ոլորտում կայունության պահպանման համար Մոսկվան խստորեն կպահպանի ռազմավարական հարձակողական սպառազինությունների քանակական սահմանափակումները, որոնք նախատեսված են պայմանագրով, սակայն չի կարող հանդուրժել Ռուսաստանի դեմ Արևմուտքի ոչ կառուցողական քաղաքականությունը։
ՕԳՆԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԵՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԴՈՆԵՑԿ
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ օգնական ուժեր են ուղարկել Դոնեցկ, որտեղ ուկրաինացի զինվորականներn արդեն մի քանի ամիս է պաշտպանում են Բախմուտը: Նրա խոսքով՝ քաղաքն այժմ ամենաթեժ ուղղությունն է, քանի որ ռուսական կողմը մեծացնում է հարձակողական գործողությունների ինտենսիվությունը՝ չնայած զգալի կորուստներին, և ցանկանում ամբողջությամբ գրավել Դոնեցկի շրջանը։
ԲԼԻՆՔԵՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ պաշտոնական այցով մեկնել է Աստանա, հանդիպել Կենտրոնական Ասիայի երկրների արտգործնախարարների հետ։ Օրակարգում են եղել Վաշինգտոնի հետ տարածաշրջանային գործակցության զարգացման հեռանկարները։ Բլինքենին ընդունել է նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Նա պատրաստակամություն է հայտնել խորացնելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, մասնավորապես՝ անվտանգության, էներգետիկայի և առևտրի ոլորտներում: Խոսելով տնտեսական գործակցության մասին՝ Տոկաևը նշել է, որ ԱՄՆ-ը Ղազախստանում խոշորագույն ներդրողներից մեկն է։ Պետքարտուղարը, իր հերթին, բարձր է գնահատել Ղազախստանում քաղաքական և տնտեսական վերջին բարեփոխումները։
Ղազախստանից հետո Բլինքենը մեկնել է Տաշքենդ, այսօր արդեն կուղևորվի Նյու Դելի, որտեղ մարտի 1-2-ը նախատեսված է G20-ի արտգործնախարարների հանդիպումը։
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ
Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով մեկնել է Չինաստան: Բելառուսի նախագահը Պեկինում հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանի հետ։ Կողմերը քննարկել են երկրների միջև գործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում:
Ակնկալվում է, որ Լուկաշենկոն նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ կունենա նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Բանակցությունների արդյունքում կստորագրվի առանցքային ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի մեծ փաթեթ։