ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ընտանեկան բռնությունը կանխելու համար բռնարարի և զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել:
«Ներկայում օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկն անհետաձգելի միջամտության որոշումներն են, մյուսը` պաշտպանության միջոց կիրառելու որոշուները: Առաջին դեպքում ոստիկանության ծառայողի կողմից է համապատասխան որոշումը կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության միջոցը կիրառում է դատարանը` հաշվի առնելով, որ այն երկաժամկետ միջամտություն ենթադրող որոշում է»,- ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագծով նախատեսվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաև էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչը ենթադրում է, որ բռնարարի ու զոհի մոտ տեղադրվում է էլեկտրոնային հսկողության սարք, որն իրար մոտենալու կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգ կլինի իրավասու մարմնի մոտ: Նա տեղեկացրել է, որ շատ երկրներ նման արդյունավետ փորձ իրականացրել են: Փոխնախարարի խոսքով ընտանիքում բռության ենթարկված անձանց պարագայում մեր հանրապետությունը փորձ չունի, բայց էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման փորձ արդեն իսկ ունի` ի դեմս Քրեական դատավարության նոր օրեսգրքով նախատեսված` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, որոնք կիրառվում են 2023 թվականի հունվարի 1-ից:
Հիմնական զեկուցողը նշել է, որ այդ նպատակով 200 էլեկտրոնային ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի 560 մլն դրամ: Նմանատիպ ձեռնաշղթաների ներպետական մատակարարողներ ՀՀ-ում չկան, դրանք արտերկրից են ներմուծվում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է` Հայաստանում քանի ընտանեկան բռության ենթարկված անձ կա:
Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 1547 դեպք, որից 619-ը` անհետաձգելի են եղել, 6-ի դեպքում պաշտպանության միջոցներ են կիրառվել: «Ընտանիքում բռնության դեմ պայքարը շատ կարևոր է: Եթե անգամ մեկ դեպք ունենանք, ապա այն ազդակ է, որպեսզի քայլեր ձեռնարկենք» Ընդգծվել է նաև, որ վիճակագրությունը միայն արձանագրված դեպքերին է վերաբերում. քիչ մարդիկ են դիմում, շատերը ենթարկվում են բռնության, սակայն չեն բարձրաձայնում այդ մասին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվել է, թե ինչպես է աշխատելու էլեկտրոնային հսկողության սարքը, ինչպես են ոստիկանության աշխատակիցները ստանալու ահազանգը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ էլեկտրոնային հսկողության սարքը կկիրառվի այն դեպքում, երբ նախազգուշացում կատարելուց հետո մեկ տարում անձը կրկնակի խախտում կանի: Բռնարարի ձեռքին կամ ոտքին համապատասխան շղթա կլինի, շղթա կլինի նաև բռնության զոհի մոտ, որպեսզի մոտենալու դեպքում հնարավոր լինի ազդակ ստանալ: Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են արբանյակային, կենսաչափական, ռադիոալիքային կամ այլ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:
Հարակից զեկուցող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, կարևորելով օրենքի նախագիծը, կոչ է արել կողմ քվեարկել:
Եզրափակիչ ելույթում Արփինե Սարգսյանը անդրադարձել է պատգամավորների դիտարկումներին: Կարևորելով օրենքի նախագիծը` նա նշել է, որ փոփոխությունները վերաբերում են թե՛ ընտանիքում բռնության կանխարգելմանը, թե՛ բռնության ենթարկված անձանց պաշպանությանը, ընտանիքում համերաշխության վերականգնմանը: Օրենքի նախագիծը նախատեսում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կայացման ռեժիմներ:
«Սա գործիքակազմ է, որպեսզի հնարավոր լինի այս երկու ռեժիմները իրականացնել»,- ասել է նա:
Փոխնախարարը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին և պատրաստակամություն հայտնել` առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում քննարկել ներկայացրած առաջարկները: