Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը չորեքշաբթի հայտարարել է իր հրաժարականի մասին Լարիսա քաղաքի մերձակայքում մարդատար գնացքի վթարից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, հայտնում է ERT հեռուստաալիքը։
«Ես հենց նոր եմ վերադարձել երկաթուղային ողբերգության վայրից, ցավն անասելի է»,- ասել է Կարամանլիսը տարածած հայտարարության մեջ։
«Փաստ է, որ մենք հունական երկաթուղին ստացել ենք 21-րդ դարին չհամապատասխանող վիճակում։ Այս 3,5 տարին բոլոր ջանքերը գործադրել ենք իրավիճակը բարելավելու համար, ցավոք սրտի, այս ջանքերը բավարար չէին նման աղետը կանխելու համար, և դա շատ դժվար է բոլորիս և անձամբ ինձ համար»:
«Երբ այդքան ողբերգական բան է տեղի ունենում, անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա տեղի չի ունեցել»,- ասել է նախարարը: «Ես հրաժարական եմ տալիս ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Ես իմ պարտքն եմ համարում դա անել՝ որպես հարգանքի նվազագույն նշան այն մարդկանց հիշատակին, որոնք անարդարացի են հեռացել մեզանից և պատասխանատվություն կրել Հունաստանի պետական և քաղաքական համակարգի անվերջ սխալների համար: Սրտիս խորքից ևս մեկ անգամ իմ ցավն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»,- եզրափակել է նախարարը:
Չորեքշաբթի առավոտյան առնվազն 40 մարդ է զոհվել Լարիսա քաղաքի մերձակայքում գտնվող հունական Էվանգելիզմոս բնակավայրի տարածքում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Մարդատար գնացքում եղել է մոտ 350 ուղևոր։ Հիվանդանոցներում գտնվում է 66 մարդ, նրանցից 6-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։ Մյուսները չեն տուժել։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան