Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են կատարել Ռուսաստանի հինգ շրջանում՝ Ադիգեայում, Բելգորոդում և Բրյանսկի մարզում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի Տուապսեում և Մոսկվայի մարզում, գրում է BBC-ն:
Երկուշաբթի երեկոյան Բելգորոդում երեք անօդաչու թռչող սարք է ընկել կամ խոցվել, ևս մեկը՝ Բրյանսկի շրջանում։ Գիշերը անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Տուապսեի նավթի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, մեկ այլ սարք էլ ընկել է Ադիգեայում։ Երեքշաբթի առավոտյան տեղեկություն է հայտնվել, որ անօդաչու թռչող սարք է ընկել նաև Մոսկվայի մարզի Կոլոմենսկի շրջանի գազի կոմպրեսորային կայանի մոտ։ Զոհեր չկան, բայց կան ավերածություններ:
Լենինգրադի մարզում էլ օդային տարածքը որոշ ժամանակով արգելափակվել է չպարզված թռչող օբյեկտի պատճառով։
Անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը ռուսական տարածքում ամենամեծ նման իրադարձությունն էր Ուկրաինայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկզբից ի վեր:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պնդում է, որ Կիևը ներգրավված չէ Ռուսաստանի դեմ հարձակումներին։
«Ուկրաինան չի հարվածում Ռուսաստանի տարածքին, Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում իր բոլոր տարածքները ապաօկուպացնելու համար»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։