Նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Իշխանությունը դրանք չտեղափոխեց նույնիսկ փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերի պատճառով, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 45 հազար մարդ։ Նույն օրը տեղի կունենան նաև խորհրդարանական ընտրություններ, գրում է Reuters-ը։
«Մայիսի 14-ին, Աստծո կամոք, այս ժողովուրդը կանի այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների առաջ ունեցած ելույթում։
Անցյալ ամսվա երկրաշարժից հետո նախագահական և խորհրդարանական ընտրությունների հավանական ժամկետների վերաբերյալ հակասական կարծիքներ կային, ոմանք ենթադրում էին, որ դրանք կարող են հետաձգվել մինչև տարեվերջ, շատերն էլ չէին բացառում, որ ընտրությունները կանցկացվեն հունիսի 18-ին: Թուրքիայի խորհրդարանի նախկին խոսնակ, նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առինչը կոչ է արել անհապաղ հետաձգել համընդհանուր ընտրությունները։
Կասկածներ կան ընտրական իշխանությունների հնարավորությունների վերաբերյալ՝ երկրաշարժի գոտում տուժածների քվեարկությունը կազմակերպելու հարցում, որտեղ ապրում է մոտ 14 միլիոն մարդ:
Reuters-ը նշում է, որ աղետից առաջ Էրդողանի ժողովրդականությունը խաթարվել էր կյանքի թանկացման և լիրայի փոխարժեքի անկման պատճառով: Այժմ էլ նա բախվում է քննադատության մեծ ալիքի` կապված իր կառավարության արձագանքի հետ ազգի ժամանակակից պատմության մեջ ամենամահաբեր երկրաշարժին: