Ժնևում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, ընթանում է կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստը, որին մասնակցում են տասնյակ երկրների պատվիրակություններ:
Նստաշրջանի բացման օրը ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի առջև շվեյցարական մի շարք հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, Ազգային խորհրդի անդամներ ակցիա են անցկացրել՝ կոչ անելով դադարեցնել Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան, բացել Լաչինի միջանցքը:
Ցույցի մասնակիցները նաև բողոքել են նստաշրջանին ադրբեջանական պատվիրակության ներկայության դեմ` շեշտելով` «մարդկության դեմ հանցագործություններ կատարած իշխանության ներկայացուցիչները չպետք է լինեն ՄԱԿ-ում՝ մարդու իրավունքների պաշտպանության կենտրոններից մեկում»:
Ջոել Ֆիսսի («Լիբերալներ» կուսակցության անդամ) - Պետք է անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին։ Ադրբեջանը պետք է երաշխավորի, որ Արցախի բնակչությունը հասանելիություն ստանա կենսական կարևորության ապրանքներին և ծառայություններին։ Սա պետք է լինի այն հիմնական ուղերձը, որը պետք է անընդհատ կրկնել Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում։
Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Լորենս Ֆելման Ռիելն էլ համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին, որը տարիներ շարունակ տուժել է ավտորիտար Ադրբեջանի հարձակումներից։
«Կարևոր է, որ միջազգային հանրությունը դատապարտի տարածաշրջանում միջազգային իրավունքի խախտումները։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն էլ, որով Ադրբեջանին պարտավորեցրել են բացել Լաչինի միջանցքը, հույսի վառ շող է»,- ասել է Ռիելը։
Ակցիայի մասնակիցները նաև պնդել են՝ միջազգային հանրությանը Բաքուն չի կարող խաբել. բոլորն էլ լավ հասկանում են՝ միջանցքը փակողները էկոակտիվիստներ չեն: Նրանք Բաքվին կոչ են արել կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
Ցուցարարները նաև դիմել են Շվեյցարիայի իշխանություններին, հորդորել օգտագործել Անվտանգության խորհրդում երկրի դիրքը՝ վերջ դնելու հայ ժողովրդի նկատմամբ հալածանքներին և էթնիկ զտումներին։
Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Միշել Մաթեն հայտարարել է. «Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարկավոր է հարգել: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ խոսքի ազատությունն իրականություն է։ Պաշտպանել Հայաստանը՝ նշանակում է պաշտպանել ժողովրդավարական արժեքները»:
Ակցիայի մասնակիցների ձեռքին պաստառներ են՝ «Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչ շրջափակման մեջ է. Արդյոք սա ցեղասպանության հերթական փո՞րձն է», «էթնիկ զտում՝ այսօր, ցեղասպանություն՝ վաղը», «ՎԵ՛ՐՋ խավիարային դիվանագիտությանը», «ՎԵ՛ՐՋ գազային գործակցությանը»:
Հայաստանի և Արցախի բնակչությանն աջակցության ելույթներում քաղաքական գործիչները հատուկ ուշադրություն են դարձրել այն փաստին, որ Բաքուն օգտագործում է իր բնական ռեսուրսները՝ հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, ստիպելու միջազգային հանրությանը աչք փակել Ադրբեջանի հանցագործությունների վրա:
Ադրբեջանի ազգային նավթային ընկերության՝ Socar-ի հետ գործակցությունը դադարեցնելու կոչով Շվեյցարիային է դիմել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը, որն ակտիվ ներգրավվածություն է ունեցել ակցիայի կազմակերպման գործում: Նրա խոսքով` կարևոր է, որ Շվեյցարիայի իշխանություններն այս հարցում հրաժարվեն չեզոքության քաղաքականությունից:
Սարգիս Շահինյան (Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար) - Իրենց գլխավոր պատգամն էր, որ Շվեյցարիան ամեն ինչ անի, որ ֆինանսավորումը դադարեցվի։
ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի առջև անցած ակցիայի մասնակիցների հիմնական մտահոգությունն այն է, որ Socar-ի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում, ինչը նշանակում է, որ Շվեյցարիայի և Ադրբեջանի միջև ֆինանսական հոսքերը կարող են նպաստել հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի ֆինանսավորմանը։
Սարգիս Շահինյանի կարծիքով` հայկական կողմը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործի ցանկացած, այդ թվում` միջազգային հանրության ընձեռած հնարավորություն՝ ստիպելու Բաքվին բացել Լաչինի միջանցքը և հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված ճգնաժամային իրավիճակը: