ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության նախաձեռնությունները, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը մշակել են Ռուսաստանի հետ»,- ասել է Զախարովան:
Նա լկտիություն է անվանել Հարավային Կովկասի իրավիճակի մեջ ներթափանցելու՝ Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։ «Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ Արևմուտքն էլ ավելի է ակտիվացել»,- հավելել է դիվանագետը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։
Փետրվարի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, որն իրականացնում է Եվրամիությունը, բազմաթիվ հարցեր է առաջացնում դրա լեգիտիմության առումով։