Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Իվանյան համայնքում Բաքվի և Արցախի ներկայացուցիչների հանդիպմանը:
«Այսօր Խոջալուից հուսադրող նորություններ են ստացվել Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների վերաբերյալ։ Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացել են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի վրա»,- գրել է Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ու մասնակցությամբ այսօր կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Արցախի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ քննարկվել են Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման ու Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը: Կառավարության նիստում Արցախի նախագահը հայտարարել է, որ Բաքվի հետ ուղիղ շփումներին Ստեփանակերտը կողմնակից է, բայց չնայած ճնշումներին՝ անկախության ճանապարհից հետքայլ չի լինելու: