Միջազգային գործընկերները չեն հավատում Ադրբեջանի պնդումներին, թե Լաչինի միջանցքը փակ չէ՝ խորհրդարանում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը՝ ամփոփելով փետրվարի 23-24-ի ձմեռային նստաշրջանը: Թեև Վիեննայում առանցքային թեման ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին էր, Խանդանյանը նկատում է՝ եղան ելույթներ նաև Լաչինի միջանցքի շրջափակման մասին, ու եվրոպացի պատվիրակները ևս մեկ անգամ արձանագրեցին այդ փաստը:
Սարգիս Խանդանյան (ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար) - Ադրբեջանի այդ թեզը, որը միջազգային հարթակներում հնչեցնում է, թե միջանցքը փակ չէ, այսքան հատ մեքենա է անցել, Կարմիր խաչը գնում գալիս է, ռուս խաղաղապահների միջոցով հնարավոր է ինչ-որ բեռներ փոխադրել, միջանցքի փակ չլինելու մասին խոսակցությանը որևէ մեկը չի հավատում, այսինքն՝ դա ակնհայտ է, և դրան գալիս գումարվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ վերահաստատեց խնդրի լրջությունը:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի բանակցություններին, ըստ Խանդանյանի, Երևանն ունի սկզբունքային դիրքորոշումներ, որոնք բխում են երկրի ինքնիշխանությունից և անկախությունից: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև Ռուսաստանի արտգործնախարարի՝ նախօրեին արած հայտարարությանը: Ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ ասուլիսին Լավրովը բառացի ասել էր, մեջբերեմ՝ Եվրամիությունը չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները, այդ թվում՝ առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ հարուցող առաքելությունը: Խանդանյանը կարծում է՝ երկարամյա առաքելության տեղակայումը բխում է Հայաստանի կարիքներից:
Սարգիս Խանդանյան - Այդ կարիքները այն է, որ 2021 թվականին ու 2022 թվականին երեք անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքը ենթարկվել է Ադրբեջանի հարձակմանը, և մենք, գնահատելով առաջին առաքելության երկամսյա գործունեությունը, գտել ենք, որ այն ունի որոշակի կայունացնող դերակատարում, և դրա երկարաժամկետ տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով կարող է որոշակիորեն նպաստել ընդհանրապես խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու անվտանգության համար լրացուցիչ երաշխիք լինի:
Աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դառնալու ցանկություն Հայաստանը չունի և սա հայտնի է՝ նշել է Խանդանյանը: Ըստ նրա՝ գործընկերները պարբերաբար ու տարբեր խողովակներով իրազեկվում են այլ գործընկերների հետ հարաբերությունների ու դրանց բնույթի մասին: