ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին Ադրբեջանի կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արձագանք եղե՞լ է:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեռ արձագանք որպես այդպիսին չկա:
«Երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ, և ենթադրում եմ, որ որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի, բայց նաև ուզում եմ ասել, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ. նրանք են առաջարկել, մենք ենք արձագանքել, և այդպես 3 անգամ, և աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք:
Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ անկախ առերես հանդիպումներից, այդ աշխատանքները նաև իրականացվում են, այսինքն՝ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում, վերջերս, օրինակ՝ նաև ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ և նաև դրա արձագանքին ենք սպասում, իսկ այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում, կոմունիկացիաների բացման վերաբերյալ, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այս բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասաց վարչապետը: