Հայաստանի աշխատանքային միգրացիայի հիմնական հոսքերը բաժին են ընկնում Ռուսաստանի Դաշնությանը՝ 95% և ավելի: Գումրիի «Երկխոսության մեդիա կենտրոնում» կազմակերպվել էր քննարկում այն մասին, թե ինչ խնդիրների են բախվում Հայաստանից աշխատանքի նպատակով Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիները։ Մուտքի արգելքից մինչև միգրացիոն հաշվառումից հեռացում, աշխատավարձի չվճարումից մինչև պարտադիր զորակոչում։ Ստացված ահազանգերը բազմաթիվ են և բազմապիսի։ Հիմնական պատճառն, ըստ մասնագետների, օրենքի չիմացությունն է։ 2021 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ-ում ուժի մեջ մտած միգրացիոն օրենսդրության փոփոխությունների հետևանքով արդեն իսկ մեծացել է մուտքի արգելք ունեցողների թիվը:
Տաթևիկ Բեժանյան («Հայկական Կարիտաս» ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ) - 2021 թվականին միգրացիոն հաշվառման կանգնել է 578 779 ՀՀ քաղաքացի, սա չի նշանակում, որ այդքան մարդ մուտք է գործել, այլ թե այդքան մարդ գտնվել է։ 2022 թ. այս թիվը կազմել է 509 812։ Միգրացիոն հաշվառումից հանվել է 2021-ին՝ 426 254, 22-ին՝ 441351 ՀՀ քաղաքացի։
Այս տարի էլ, ովքեր պատրաստվում են մեկնել ՌԴ արտագնա աշխատանքի, պետք է միգրացիոն հաշվառում անցնեն, բժշկական ապահովագրություն ունենան ու մատնահետք հանձնեն՝ ասում է Բեժանյանը։
Տաթևիկ Բեժանյան - 30 օրվա ընթացքում չհանձնելու դեպքում միգրացիոն հաշվառումը չեղարկվում է։
ՌԴ միգրացիոն օրենսգրքի 2023-ի փոփոխությունները ենթադրում են նաև ֆինանսական լրացուցիչ պարտավորություններ գործատուների համար։ Եվ վտանգ կա, որ նրանք ավելի հաճախ կխուսափեն աշխատանքային միգրանտների հետ պայմանագիր կնքելուց:
Վալենտինա Չուպիկ (Թոնգ Ջահոնի միջազգային ՀԿ նախագահ, իրավական խորհրդատու) - Շատ գործատուներ առանց այն էլ չեն սիրում պայմանագիր կնքել։ Նոր՝ 2023-ի փոփոխություններով ավելացել են նաև սոցվճարը, որը նախկինում երբեք չեն վճարել, պարտադիր բժշկական և կենսաթոշակային վճարները։ Քանի որ հարկատեսակներն ավելացել են աշխատանքային միգրանտների համար, ռիսկն ավելի է մեծանում, որ պայմանագրեր չեն կնքվի։ Սա էլ նոր ռիսկեր է ծնում. առանց պայմանագրի կարող են և աշխատավարձ չվճարել։
Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս հավաքել աշխատանքային իրավունքների խախտման հիմնավոր փաստեր և դիմել համապատասխան կառույցներ: Օրենքի չիմացությունն ու իրազեկվածության պակասն է պատճառը, որ որոշ դեպքերում օտարերկրյա քաղաքացին Ռուսաստանում զորակոչվել է ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Տաթևիկ Բեժանյան - Նույնիսկ այն հանգամանքը հաշվի չի առնվում, որ միգրանտները չեն համարվում ՌԴ քաղաքացի, նրանց էլ են ներգրավում ՌԴ կողմից ռազմական գործաղություններին մասնակցելու: Ունեցել ենք ահազանգեր, որ ոստիկանության կամ զինկոմիսարիատների կողմից եղել են ճնշումներ՝ համոզելու, սպառնալու միջոցով, որ պայմանագիր կնքեն և մեկնեն։ Մեր քաղաքացիների կողմից դիմումները քիչ են եղել, ավելի շատ են եղել միջինասիական երկրների քաղաքացիների կողմից։
Միասնական սոցիալական ծառայությունը ևս միանում է աշխատանքային միգրանտներին իրազեկելու արշավին։ Մինչև արտերկիր աշխատանքի մեկնելը խորհուրդ են տալիս դիմել իրենց և զրուցել մասնագետների հետ: