Եղանակի տաքացմանը զուգահեռ` մայրաքաղաքում ակտիվացել է շինարարությունը, բեռնատարների շարժը: Շինանյութ՝ ավազ, ցեմենտ, տեղափոխելը թույլատրելի է միայն անթափանց ծածկոցով, հիշեցնում են Բնապահպանության և ընդերքի տեսչականից:
Որ օդը սորուն նյութերի արտանետումներից չաղտոտվի, տեսչականի աշխատակիցները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ստուգում են՝ ինչպես են տնտեսվարողները, բեռնատարների վարորդները հետևում օրենքին:
Կարեն Մանուկյան (վարորդ) - Գիտենք, պիտի ծածկենք, նոր քշենք:
Օրենքը շրջանցողները, սակայն, քիչ չեն, նշում է տեսուչ Սարգսյանը: Պատահում է` անգամ մեկ օր առաջ տուգանվածները նորից առանց անթափանց ծածկոցի են վարում:
Վահե Սարգսյան (ՀՀ ԲԸՏՄ ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ) - Էս օրվա ընթացքում կանգնեցրել ենք 20 մեքենա, որոնցից 4-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության. վարչական տուգանքի չափը 50.000 դրամ է:
Սա` մեկ օրվա ընթացքում` Դավիթաշենի տարածքում: Բնապահպանության և ընդերքի տեսչականը ևս 8 դեպք էլ արձանագրել է այս տարվա հունվար-փետրվարին:
2022-ին փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էլ առանց ծածկոցի բեռնատարի երթևեկության 77 դեպք է արձանագրել:
Աշոտ Գևորգյան (ՀՀ ԲԸՏՄ ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ) - Նշանակվել է 3.850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տեսչականը խոշորացույցի տակ է պահում նաև շինհրապարակները. օգտագործվող ավազ-ցեմենտը ևս պետք է համապատասխան ծածկ ունենա: Օրենքը շրջանցած 10 տնտեսվարողի նկատմամբ անցած տարի ընդհանուր 1.500.000 դրամի վարչական տուգանք է կիրառվել:
Աշոտ Գևորգյան - 25 խիստ վերահսկողություն ենք սահմանում նաև շինհրապարակից դուրս եկող բեռնատարների անվադողերի լվացման և շինհրապարակներում փոշենստեցման ուղղությամբ: Օդի ջերմաստիճանի բարձրացման հետ պետք է օրվա մեջ մի քանի անգամ շինհրապարակը ջրվի, և այդ կեղտը չպետք է դուրս գա տարածքից:
2022-ի ընթացքում տեսչական մարմինը արձանագրել է նաև վնասակար նյութերի՝ առանց սահմանային թույլտվության մթնոլորտ արտանետումների 13 դեպք: Բոլորի գործողությունները դադարեցվել են։ Սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ստանալուց հետո 9-ի կասեցումը հանվել է:
Աշոտ Գևորգյան - Օրինակ՝ կաթսայատան համար Շրջակա միջավայրի նախարարությունից տրվում են համապատասխան չափաքանակ, արտանետելու համար նորմատիվներ, եթե այդ թույլտվությունը չունի, գործունեությունը կարող ենք կասեցնել:
Նոր շինարարություն սկսող տնտեսվարողներին էլ տեսուչ Գևորգյանը հիշեցնում է` հիմք փորելուց առաջ հողի վերին՝ բերրի շերտը պետք է ոչ թե որպես շինաղբ թափել, այլ թույլտվությամբ մեկ այլ վայր տեղափոխել՝ այն նորից օգտագործելու համար: Անցած տարի նման 20 խախտում են ունեցել: Այս պահին էլ շարունակում են իրազեկող կանխարգելիչ միջոցառումները: