70%-ով լուծվել է Հայաստանի ամբողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելու խնդիրը: Քաղաքաշինության կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում զեկուցել են վարչապետին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընթացը սահմանված ժամկետում ավարտին հասցնելը, ընդգծել՝ այն ունի ռազմավարական նշանակություն: Անդրադառնալով տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերին՝ վարչապետը հատկապես կարևորել է մայթերի և այգիների սալարկումը քարերի միջոցով, ընդգծել սողանքային գոտիների կառավարման, հասարակական նշանակության շենք-շինություններում մատչելիության ապահովման նորմերի պահպանման, համատիրությունների գործունեության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Վարչապետն ընդգծել է, որ խնդիրը պետք է լինի կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝ ծրագրերի կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով:
Վարչապետին զեկուցվել է, որ դիտարկվում են Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու և հարակից տարածքների միասնական քաղաքաշինական կազմակերպման նախագծի և կանոնադրության մշակման աշխատանքները։ Նշվել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման ուղղությամբ, որի ավարտը թեև նախատեսված է 2024 թվականին, սակայն հաշվի առնելով փաստաթղթի կարևորությունը՝ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։
Աշխատանքներ են իրականացվում նաև օրենսդրական կարգավորումների հստակեցման ու խստացման ուղղությամբ՝ մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում ձևավորված միջավայրին անհարիր միջամտությունները կանխելու և մայրաքաղաքի կենտրոնը գերբեռնումից զերծ պահելու և համաչափ զարգացումն ապահովելու նպատակով։
3 տարում կապիտալ ծրագրերի հատկացումներն աճել են շուրջ 6 անգամ, դրանց ոլորտային համամասնությունները ամբողջությամբ բխում են Կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթություններից, մասնավորապես՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ և 50 առողջապահական հաստատություններ կառուցելու, վերակառուցելու և վերանորոգելու ցուցանիշներից: Ընթացքի մեջ է Շուռնուխ բնակավայրում 13 բնակելի տներով թաղամասի կառուցումը, որը նախատեսվում է ավարտել այս տարվա առաջին կիսամյակում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև շինթույլտվությունների տրամադրման և մատուցվող մյուս ծառայությունների թվայնացումը: Պետական համալիր փորձաքննության տրամադրման առցանց համակարգն այժմ ծրագրավորման ավարտական փուլում է։ Տարվա 2-րդ եռամսյակում նախատեսվում է իրականացնել պիլոտային գործարկում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև 2023-2024 թվականներին իրականացվելիք աշխատանքները:
Հեղինակ` Նորայր Շողիկյան