Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 28-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.
««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ փետրվարի 24-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել փետրվարի 28-ին:
Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փետրվարի 28-ից վաղաժամկետ դադարել են գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր՝ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:
Արցախի նախագահը տեղեկացրել էր նաև, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության: