Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում փոխշահավետ գործակցությանն ուղղված ցանկացած ջանք: Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լարովի խոսքով՝ բազմաթիվ միջազգային, այդ թվում` տարածաշրջանից հեռու գտնվող գործընկերներ, լրջորեն հետաքրքրված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի գրանցմամբ:
Ադրբեջանի նախագահն էլ ընդգծել է Ռուսաստանի առանձնահատուկ դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, հույս հայտնել, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման առումով 2023-ը բեկումնային կլինի:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ
Թուրքիայի Իզմիր նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, իսկ ավելի վաղ ստորգետնյա ցնցումներ էին զգացվել Մալաթիա նահանգում: Լրատվամիջոցների տվյալով՝ զոհվել է առնվազն մեկ մարդ, կա շուրջ 70 վիրավոր: Երկրի արտակարգ իրավիճակների վարչությունից տեղեկացնում են, որ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում միջինում երեք րոպեն մեկ նոր ցնցումներ են գրանցվում: Ընդհանուր առմամբ արձանագրվել է շուրջ 10 000 հետցնցում։
Associated Press-ը գրում է, որ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհվել է շուրջ 50 000 մարդ, ավերվել կամ վնասվել է մոտ 200 000 շինություն։
Համաշխարհային բանկի տվյալով՝ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գերազանցում է 34 մլրդ դոլարը:
ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ երկրպագուները փափուկ խաղալիքներ են նետել դաշտ, բղավել, որ դրանք երկրաշարժից տուժած երեխաների համար են: Այնուհետև քաղաքական կարգախոսներ են հնչել, քաղաքացիները պահանջել են կառավարության հրաժարականը: Հակակառավարական ցույցեր են անցել նաև փետրվարի 26-ին Ստամբոլում, ակցիայի մասնակիցները բողոքել են, որ երկրաշարժին իշխանությունների արձագանքն օպերատիվ չի եղել:
ԲԱԽՄՈՒՏԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ Է. ԶԵԼԵՆՍԿԻ
Բախմուտի ուղղությամբ իրավիճակն աստիճանաբարար բարդանում է՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Մարտի դաշտում բարդ իրավիճակի մասին է հայտնել նաև երկրի պաշտպանության փոխնախարարը: Աննա Մալյարի խոսքով՝ ծանր մարտեր են Դոնեցկի շրջանում, քանի որ ռուսական կողմը մեծացնում է հարձակողական գործողությունների ինտենսիվությունը՝ չնայած զգալի կորուստներին։ Նա հավելել է՝ ուկրաինացի զինվորականները պաշտպանական ակտիվ գործողություններ են իրականացնում:
ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՇՈՒՐՋ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է
Վաշինգտոնին մտահոգում է Մոլդովայում ստեղծված իրավիճակին ոչ թե ուկրաինական, այլ ռուսական կողմի միջամտության հնարավորությունը՝ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ արձագանքելով Մերձդնեստրի սահմաններին ուկրաինական զինուժի կուտակումների մասին հաղորդագրություններին:
Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության խոսնակը հաստատել է՝ Մերձդնեստրի սահմանի մոտ ուկրաինական ստորաբաժանումներ են տեղակայվել։ Նատալյա Գումենյուկի խոսքով՝ նպատակը ռուսական կողմից բխող հնարավոր սպառնալիքներին արձագանքելն է:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլն ուշադիր հետևում է Մերձդնեստրում զարգացումներին, պնդել՝ տարածաշրջանում ծանր իրավիճակը «հրահրված է դրսից»։
Մոլդովայի իրավապահ մարմիններն էլ որոշում են կայացրել հանրապետությունում իրավիճակի ապակայունացման սպառնալիքի հետ կապված ուժեղացնել անվտանգության միջոցները: Մոլդովայի իշխանությունները նաև հայտարարում են՝ Ուկրաինայի հետ սահմանին անվտանգության ուղղակի սպառնալիքներ չեն տեսնում:
ՍԵՐԲԻԱՆ ԵՎ ԿՈՍՈՎՈՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՄ ԾՐԱԳՐԻՆ
Սերբիան և Կոսովոն աջակցություն են հայտնել «Հարաբերությունների կարգավորման մասին» Եվրամիության առաջարկած համաձայնագրին՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի նախագահի և Կոսովոյի վարչապետի հետ հանդիպման արդյունքներով։ Բորելը նաև ընդգծել է, որ առանց հարաբերությունների լիարժեք կարգավորման Սերբիան և Կոսովոն չեն կարողանա ավարտել ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Նա, սակայն, չի հստակեցրել՝ ստորագրե՞լ են արդյոք կողմերը փաստաթուղթը, թե ոչ:
«Ըստ պայմանագրի՝ Սերբիայի և Կոսովոյի քաղաքացիները կկարողանան ազատ հատել սահմանը՝ օգտագործելով իրենց ներքին անձնագրերը, նույնականացման քարտերը և ավտոմեքենաների համարները: Կոսովոյի սերբերի համար էլ այս փաստաթուղթն ավելի մեծ անվտանգություն և կանխատեսելիություն է նշանակում», - հավելել է Ժոզեպ Բորելը:
Հանդիպումից հետո ԵՄ-ն հրապարակել է 11 կետից բաղկացած փաստաթուղթ, որի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են հավասարության սկզբունքով բարիդրացիական հարաբերություններ զարգացնել, փոխադարձաբար ճանաչել փաստաթղթերն ու ազգային խորհրդանիշները, վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Սերբիան նաև չպետք է առարկի միջազգային կազմակերպություններին Կոսովոյի անդամակցությանը:
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին բանակցություններից հետո հայտարարել է, որ նույն պահին պատրաստ էր ստորագրել պայմանագիրը։ Սերբիայի նախագահը, սակայն, պնդել է՝ լրացուցիչ խորհրդակցություններ են անհրաժեշտ։ «Ես հույս ունեի, որ համաձայնության կգանք որոշ փոխզիջումների շուրջ, սակայն պարոն Կուրտին պատրաստ չէր դրան»,- ասել է Ալեքսանդր Վուչիչը։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ԵՄ-Ն ՆՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԵՆ ԿՆՔԵԼ
Մեծ Բրիտանիայի վարչապետ և Եվրահանձնաժողովի նախագահը Բրեքսիթից հետո Հյուսիսային Իռլանդիայի համար առևտրային կանոնների վերաբերյալ նոր գործարք են կնքել: Ռիշի Սունակի խոսքով՝ այն կապահովի անխափան առևտուրը Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում և կպահպանի Հյուսիսային Իռլանդիայի տեղը Միությունում: Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին նշել է, որ գործարքը ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի գործակցության նոր էջ է բացում:
Նշվում է, որ ձեռք բերված համաձայնության նպատակն է մեղմացնել լարվածությունը, որն առաջացել էր 2020 թվականին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքով: Համաձայնագիրը դեռ պետք է հաստատի Բրիտանիայի խորհրդարանը։