Սերբիան և Կոսովոն աջակցություն են հայտնել «Հարաբերությունների կարգավորման մասին» Եվրամիության առաջարկած համաձայնագրին՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի նախագահի և Կոսովոյի վարչապետի հետ հանդիպման արդյունքներով։
Բորելը նաև ընդգծել է, որ առանց հարաբերությունների լիարժեք կարգավորման՝ Սերբիան և Կոսովոն չեն կարողանա ավարտել ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Նա, սակայն, չի հստակեցրել՝ ստորագրե՞լ են արդյոք կողմերը փաստաթուղթը, թե՞ ոչ:
«Ըստ պայմանագրի՝ Սերբիայի և Կոսովոյի քաղաքացիները կկարողանան ազատ հատել սահմանը՝ օգտագործելով իրենց ներքին անձնագրերը, նույնականացման քարտերը և ավտոմեքենաների համարները: Կոսովոյի սերբերի համար էլ այս փաստաթուղթն ավելի մեծ անվտանգություն և կանխատեսելիություն է նշանակում»,- հավելել է Ժոզեպ Բորելը:
Հանդիպումից հետո ԵՄ-ն հրապարակել է 11 կետից բաղկացած փաստաթուղթ, որի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են հավասարության սկզբունքով բարիդրացիական հարաբերություններ զարգացնել, փոխադարձաբար ճանաչել փաստաթղթերն ու ազգային խորհրդանիշները, վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Սերբիան նաև չպետք է առարկի միջազգային կազմակերպություններին Կոսովոյի անդամակցությանը:
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին բանակցություններից հետո հայտարարել է, որ նույն պահին պատրաստ էր ստորագրել պայմանագիրը։ Սերբիայի նախագահը, սակայն, պնդել է՝ լրացուցիչ խորհրդակցություններ են անհրաժեշտ։ «Ես հույս ունեի, որ համաձայնության կգանք որոշ փոխզիջումների շուրջ, սակայն պարոն Կուրտին պատրաստ չէր դրան»,- ասել է Ալեքսանդր Վուչիչը։