Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո մամուի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացի ընթացքը։
«Հուսով ենք, որ մոտ ժամանակներս երեք երկրների փոխվարչապետները՝ որպես համապատասխան եռակողմ խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածությունների հասնել Ադրբեջանի և Նախիջևանի հիմնական տարածքի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։ Մենք ընդգծեցինք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը, որը ստեղծվել է այն ըմբռնումով, որ ՌԴ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի։ Ինչպես նաև պատրաստ ենք աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Լավրովը: Նա նաև հավելել է՝ ադրբեջանական կողմը տեղեկացրել է, թե ինչպես են նրանք տեսնում կարգավորման ջանքերի այս ուղղության հետագա շարունակությունը։