Հայաստանի երկու ներկայացուցիչ փետրվարի 23-ից մարտի 5-ը Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում՝ Կուզբասում, մասնակցում է «Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերին:
Մինչև 16 տարեկան պատանիների համար նախատեսված մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանն է: Պաշտոնական հատվածին հաջորդել են խաղերի մասնակից 13 երկրի անվանական ներկայացումը և դրոշներով շքերթը: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են պատանի դահուկորդ Էդգար Բեգլարյանը և լեռնադահուկորդ Դավիթ Ներսիսյանը:
Նրանց ուղեկցում են մարզիչներ Հովհաննես Սարգսյանն ու Ռոբերտ Մաղաքյանը: Այնուհետև, «Կուզբաս» սառցե պալատում հավաքված ավելի քան 5 հազար հանդիսականները հետևել են «Թռիչք դեպի հաղթանակ» սառցե շոուին՝ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի, պատանի գեղասահորդ Ալեքսանդր Պլյուշչենկոյի և Օլիմպիական խաղերի մրցանակակիր Ալեքսանդրա Տրուսովայի մասնակցությամբ:
Այսօր՝ փետրվարի 28-ին, Հայաստանի ներկայացուցիչները սկսել են մրցելույթները: Լեռնադահուկորդ Էդգար Բեգլարյանը, հանդես գալով հսկա ոլորավայրէջք մրցաձևում, ուժեղագույնների ենթախմբի 46 մասնակիցների թվում զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը: Դավիթ Ներսիսյանը դահուկավազք մրցաձևում 67 մասնակցի հետ պայքարում զբաղեցրել է 59-րդ տեղը, իսկ վաղը՝ մարտի 1-ին, հանդես է գալու սպրինտ ձևում:
Հայ մարզիկները, որոնք առաջին անգամ են մասնակցում միջազգային մրցաշարի, մարտի 2-ին թիմային մրցման կմասնակցեն: Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա մարտի 4-ին:
«Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերի շրջանակում անցկացվել է նաև «Ճանապարհ դեպի Օլիմպ» կրթական ծրագիրը, որն ուղղված է օլիմպիական սկզբունքների տարածմանը, «Ասիայի երեխաներ» միջազգային մարզական խաղերի պատմությանը, ազնիվ սպորտի խթանմանը և երիտասարդ մարզիկների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:
Ծրագրի իրականացման համար դասախոսներ են ներգրավվել «Ասիայի երեխաների» միջազգային կոմիտեից, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից, Ռուսաստանի ազգային հակադոպինգային գործակալությունից (RUSADA) և Ռուսաստանի սպորտային հոգեբանների ասոցիացիայից: 2023 թվականի «Ասիայի երեխաներ» ձմեռային երկրորդ մարզական խաղերին 13 երկրի շուրջ հազար մարզիկ է մասնակցում, որոնք մրցում են 10 մարզաձևում, այդ թվում՝ դահուկավազք, արագ սահք, հոկեյ, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, գեղասահք և այլն:
Մրցումների ընթացքում մեդալների 57 հավաքածու է խաղարկվում: