Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանին և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցականների շրջանում զինծառայության գրավչությանը և ռազմական համալսարան դիմելու շահագրգռվածությունը բարձրացնելուն միտված հարցեր։
Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նոր մշակված այն բոլոր ծրագրերին, որոնք միտված են զինվորական կրթությունն ու ծառայությունն առավել հետաքրքիր դարձնելուն, մասնավորապես, «Պաշտպան հայրենյաց» ծրագրին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս և այլ ծրագրերի իրազեկման նպատակով առաջիկայում հանդիպում կազմակերպել և դպրոցականներին ներկայացնել դրանցով նախատեսված արտոնություններն ու առավելությունները։