Արդարադատության թաղամասը նախատեսվում է կառուցել Նուբարաշենում: Դատաիրավական խոշոր համալիր ստեղծելու գաղափարն արդեն մտնում է իրագործման փուլ: Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանի խոսքով՝ սա դատաիրավական բարեփոխումներն ուղեկցող ենթակառուցվածքային ամենամեծ նախագիծն է:
Արա Մկրտչյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Երևան քաղաքի առավել քիչ զարգացած կամ մյուս համայնքներից ենթակառուցվածքների զարգացածության առումով ավելի հետ գտնվող թաղամասերից մեկում կատարվում է նման մասշտաբի համալիր կառուցում: Կապահովի այդ վայրի սոցիալ-տնտեսական զարգացում՝ նման մեծ ենթակառուցվածք՝ ճանապարհ, շենքեր, հարակից սպասարկող ենթակառուցվածքներ:
Փետրվարի 22-ին Կառավարությունում՝ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցությանը, վարչապետ Փաշինանն ընդգծեց պետական կառավարման համակարգը Երևանի կենտրոնից դուրս բերելու անհրաժեշտությունը: Նա շեշտեց, որ պետական գույքի ճիշտ կառավարումը կարող է երկրին միլիարդների եկամուտ բերել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեկ պարզ օրինակ կարող եմ բերել. իհարկե, շենքը, որտեղ մենք գտնվում ենք, պատմամշակութային շատ կարևոր արժեք է, բայց մենք չենք հաշվում, թե, օրինակ, այս շենքի 6 մետր բարձրությամբ աշխատասենյակների տաքացման, հովացման, սպասարկման համար ինչքան միջոցներ են ծախսվում, որոնք կարող էին կա՛մ չծախսվել, կա՛մ ծախսվել ավելի արդյունավետ: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք մտածողության և մտածելակերպի փոփոխության կարիք ունենք, և այդ ռազմավարությունը պետք է որդեգրենք Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետական կառավարումն ամբողջությամբ դուրս հանելու և այս ֆիզիկական ենթակառուցվածքը պետական եկամուտների աճին ծառայեցնելու նպատակն իրագործելու առումով, իհարկե, խստորեն պահպանելով և պաշտպանելով պատմամշակութային հուշարձանների կառավարման հետ կապված բոլոր կանոնները:
Ստեղծվող թաղամասում առաջին փուլով կկենտրոնացվեն տեսչական մարմինները, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեները, հակակոռուպցիոն դատարանները, դատախազությունը, պետռեգիստրը, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, ՄԻՊ գրասենյակը, Փաստաբանական, Հաշվեքննիչ պալատները: Աշխատանքները կսկսվեն քրեակատարողական նոր հիմնարկների կառուցումից:
Արա Մկրտչյան - Սա համարվում է դատաիրավական բարեփոխումների բաղադրիչ, էապես կբարելավի ոլորտում գործող, այդ թաղամասում տեղակայված գերատեսչոթյունների աշխատանքը: Ավելի քիչ ռեսուրսով կարող են արձանագրել մեծ ծավալի աշխատանք, արդյունք: Օրինակ, մոտ կգտնվեն քննչական ծառայությունը, քրեակատարողական հիմնարկը, դատարանը, դատախազությունը, որքանով սա կհեշտացնի այս օղակների աշխատանքը, քաղաքացիների վիճակը:
Արդարադատության թաղամասը նախատեսվում է կառուցել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ու հարակից տարածքներում՝ մոտ 200 հեկտարի վրա: Արդեն մեկնարկել են տարածքի երկրաբանական ու երկրաֆիզիկական ուսումնասիրությունները՝ պարզելու այդ վայրում նման խոշոր ենթակառուցվածք ստեղծելու հնարավորությունները: Թաղամասի նախագծումը կսկսվի՝ այնտեղ տեղակայվող գերատեսչությունների կարիքները գույքագրելուց հետո: Նոր թաղամասի կառուցման գաղափարը քննարկումներից հետո ընդլայնվել է: Ժամանակի ընթացքում Արդարադատության թաղամասը կվերածվի Կառավարական թաղամասի: Պետական գերատեսչություններն ու վարչական շենքերը ևս նախատեսվում է տեղակայել ստեղծվող համալիրի տարածքում:
Արա Մկրտչյան - Այս առումով ևս վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարական՝ աշխատանքներին ներգրավել միջազգային հեղինակավոր կազմակերպություններին, որ կարողանանք գնահատել նման գաղափարի իրականացման հնարավորությունը:
Արդարադատության նախարարի տեղակալի խոսքով՝ միջազգային փորձով արձանագրված է նման թաղամասերի ստեղծման դրական արդյունքը: