Այսօր Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստը: Բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրել է համատարած մահվան, ավերածությունների և տեղահանումների։ Գուտերեշը հայտարարել է, որ պատերազմն առաջացրել է մարդու իրավունքների «զանգվածային խախտումներ»:
Նստաշրջանի բացմանը ելույթի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը: Նրա խոսքով` ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով «տասնամյակների ընթացքում գրանցված առաջընթացի մեծ մասը ի չիք է դառնում, իսկ որոշ դեպքերում անգամ հետընթաց է գրանցվում»:
Նստաշրջանի առաջին օրն անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի որոշմանը՝ դադարեցնելու մասնակցությունը START միջուկային սպառազինությունների վերահսկման համաձայնագրին: ԱՄՆ-ի Սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով փոխնախագահը նշել է, որ այդ որոշմամբ Ռուսաստանն ապացուցում է, որ միջուկային պատասխանատու գործընկեր չէ:
Թեմային անդրադառնալով՝ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը «անպատասխանատու» է, և պետք կոչ անել Ռուսաստանի նախագահին՝ վերադառնալ պայմանագրին:
«Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել»,- նշել է Անալենա Բերբոքը:
Ֆրանսիայի արտգոծնախարարը կոչ է արել Մոսկվային՝ դադարեցնել միջուկային սպառնալիքները: Կատրին Կոլոնան կոչ է արել վերականգնել խաղաղությունն Ուկրաինայում` ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համապատասխան:
G7-Ի ԵՐԿՐՆԵՐՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ
Այսօր «Յոթի խմբի» երկրները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են արել: Նրանք Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել զորքերը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից։ Նրանք կարևորել են նաև Մոսկվայի կողմից միջուկային հռետորաբանության դադարեցումը: Երկրները հայտարարել են Կիևին դիվանագիտական, ֆինանսական և ռազմական աջակցությունն ուժեղացնելու իրենց հանձնառության մասին:
Հայտարարության տեքստում նշված է, որ G7-ի երկրները կհամակարգեն Ուկրաինայի ռազմական և պաշտպանական տեխնիկայի կարիքները բավարարելուն ուղղված ջանքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հակաօդային պաշտպանության համակարգերին և միջոցներին, ինչպես նաև այլ սպառազինությանը:
ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ Ի ՎԻՃԱԿԻ ԵՆՔ ԱՐՏԱԴՐԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԶԵՆՔ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Ռուսաստանը «Իսկանդեր» համակարգ է մատակարարել Մինսկին՝ դրա համար նախատեսված հրթիռներով, ինչպես նաև C-400 զենիթահրթիռային համակարգ, հայտարարել է Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ չնայած պատժամիջոցների աննախադեպ ճնշմանը` Մինսկն արտադրում է բավական քանակությամբ զենք և զինտեխնիկա՝ բելառուսական բանակի կարիքները բավարարելու համար:
«Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է ռազմական տեխնիկայի առումով, մենք հեշտությամբ ստանում ենք Ռուսաստանից»,- նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ Մոսկվայի հետ միասին ի վիճակի են արտադրել ցանկացած տեսակի զենք:
ԵԳԻՊՏՈՍԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ Է
Եգիպտոսի արտգործնախարարության ղեկավար Սամեհ Շուքրին այսօր պաշտոնական այցով Սիրիայում է: Սա 2011 թվականի ճգնաժամից ի վեր եգիպտացի բարձրաստիճան դիվանագետի առաջին այցն է Սիրիա՝ ի նշան Սիրիայի և արաբական երկրների միջև հարաբերությունների ջերմացման: Դամասկոսում Սամեհ Շուքրին հանդիպել է Սիրիայի նախագահի և արտգործնախարարի հետ:
«Իմ այցի նպատակը նախևառաջ մարդասիրական է՝ Եգիպտոսի ղեկավարության, կառավարության, ժողովրդի համերաշխությունը փոխանցել երկրաշարժից տուժած Սիրիայի ժողովրդին»,- հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարարը։
«Մենք շարունակելու ենք արագացված կարգով օգնություն տրամադրել՝ Սիրիայի կառավարության հետ համակարգելով մեր գործողությունները»,- հայտարարել է Շուքրին։
Սիրիայից հետո Եգիպտոսի արտգործնախարարը մեկնել է Թուրքիա: Սամեհ Շուքրին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին, քննարկել Անկարայի և Կահիրեի հարաբերությունների հետագա կարգավորման հեռանկարները։
Չավուշօղլուն ասել է, որ ընկերությունն ու եղբայրությունը դժվար ժամանակներում են երևում։ Նա ընդգծել է, որ երկարատև խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը ոչ միայն երկու երկրների, այլևս ողջ տարածաշրջանի համար է կարևոր ու շահավետ։
«Մեր հանդիպումից հետո չի բացառվում նաև Թուրքիայի և Եգիպտոսի նախագահների հանդիպումը»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Վերջին 10 տարվա ընթացքում եգիպտացի որևէ բարձրաստիճան պաշտոնյա Թուրքիա չէր այցելել Կահիրեի և Անկարայի միջև լարվածության պատճառով: