ՄԱԿ-ը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո մեղադրական նամակներ է ուղարկել Ադրբեջան և Թուրքիա՝ այդ երկրների կողմից վարձկաններ հավաքագրելու և Արցախ տեղափոխելու փաստերի վերաբերյալ Հայաստանից ստացած գրությունների հիման վրա: 8-օրյա այցով առաջին անգամ մեր երկրում գտնվող ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը մանրամասնել է, թե ինչ արձագանքներ են ստացել:
Ելենա Ապարաք (ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբի անդամ) - Մեր աշխատանքային խմբի մանդատով տրված լիազորությամբ մենք 2020 թվականին տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ, ըստ որի՝ 44-օրյա պատերազմում ներգրավված են եղել վարձկաններ: Այդ փաստերի հիման վրա մենք մեղադրական նամակներ ենք ուղարկել Ադրբեջան և Թուրքիա: Մենք փաստերը վերլուծում և որոշում ենք պատասխանատու կողմին, բայց չենք կարող որևէ այլ ձևով միջամտել խնդրին:
Հնդկաստանի, Խորվաթիայի, Պերուի, Նիգերիայի ու Միացյալ Թագավորության ներկայացուցիչներից ձևավորված պատվիրակության անդամները Հայաստանում են իրենց նախաձեռնությամբ և Հայաստանի Կառավարությունից ստացած համաձայնությամբ: Նրանք եղել են Երևանում և Սյունիքում, տեղեկություններ հավաքել, թե Հայաստանում օրենսդրական ինչ կարգավորումներ կան վարձկանների գործունեության քրեականացման վերաբերյալ, և որքանով են դրանք գործում:
Ռավինդրան Դանիել (ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար) - ՄԱԿ-ի փորձագետները գնահատում են Հայաստանի հանձնառությունը՝ պայքարելու վարձկանների և մասնավոր պահնորդային ընկերությունների օգտագործման, մարդու իրավունքների խախտումների դեմ՝ խրախուսելով առավել լայն վերահսկողությունը:
2021-ի մայիսին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սիրիացի 2 վարձկաններ դատապարտվեցին ցմահ ազատազրկման, որոնք, ըստ իրավապահների, գումարի դիմաց մասնակցել են 44-օրյա պատերազմին: Միջազգային փորձագետները դատարանի որոշումը մի կողմից դրական են գնահատում, մյուս կողմից ընդգծում՝ դատավարությունը տևել է ընդամենը մեկ օր:
Ռավինդրան Դանիել - Մենք ողջունում ենք Հայաստանում վարձկանությունը քրեականացնող օրենսդրական դրույթների կիրառումը, բայց ոլորտում դեռ բացեր կան: Ես հորդորում եմ Հայաստանի դատական իշխանությանը՝ հետագայում հաշվի առնել առավել զոհակենտրոն մոտեցումներ:
Աշխատանքային խմբի անդամ Ելենա Ապարաքը նշեց, որ իրենք չեն կարողացել հանդիպել դատապարտված անձանց և լսել նրանց, բայց վստահ են, որ մինչև վերջնական զեկույցի հրապարակումը լրացուցիչ տեղեկություն կստանան այդ գործի հետ կապված: Աշխատանքային խումբն իր եզրակացությունները և առաջարկությունները սեպտեմբերին ներկայացնելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին:
ՄԱԿ-ի վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը նախատեսում է այցելել նաև Ադրբեջան: Առաջարկությունն ուղարկել են Բաքու, պատասխան դեռ չեն ստացել: