Քաղաքացիական օրենսգրքում էլեկտրոնային պայմանագրերին վերաբերող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում և կիրառության առումով հստակ չեն: Հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Նախաձեռնությամբ վերանայվում են էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին և էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումները: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը փետրվարի 28-ի ԱԺ նիստում:
Առաջարկվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: «Պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում պայմանագիր կնքելիս, ինչ պայմանների է համաձայնում»,- ընդգծել է զեկուցողը:
Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը: Նրա խոսքով՝ փոփոխությունները միտված են Քաղաքացիական օրենսգրքում քաղաքացիաիրավական հարաբերությունները տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված իրողություններին համապատասխանեցնելուն:
Քաղաքացիական օրենսգրքում, «Առևտրի և ծառայությունների մասին» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են փետրվարի 28-ի ԱԺ նիստում: