Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատը 2015 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Այս օրերին Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի պատվիրակության կազմում առաջին անգամ մեր երկիր է այցելել նաև Պատգամավորների պալատի բյուրոյի անդամ Կլոդ Վիզլերը, որի գլխավորած կուսակցությունը ինչպես Ցեղասպանության ճանաչման, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած հայանպաստ բանաձևերի հեղինակն է:
«Մտահոգված եմ այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով: Ես ընդդիմության ղեկավարն եմ, որը խորհրդարանում մեծամասնություն չէ, սակայն օրենսդիր մարմինը միասնական է իր դիրքորոշման մեջ: Մենք աջակցել և աջակցելու ենք Հայաստանին, քանի դեռ վերջինս չի հասել իր նպատակին»,- ասել է Կլոդ Վիզլերը:
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենը երկրորդ անգամ է Հայաստանում, բայց տպավորությունները կրկին հագեցած են: «Այս պատերի մեջ այն մարդկանց լռությունն է, որոնք զոհվել են առանց որևէ պատճառի: Սա պարտավորեցնում է բոլոր այցելողներին՝ մտածել այն մասին, թե ինչպես կարող են ապրել խաղաղ և միասին»,- ընդգծել է հյուրը:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը ԱԺ Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Ջունա Բերնարդը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: