Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտը՝ մրցակցության վրա վերջինիս ազդեցությունը դիտարկելու նպատակով: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե էլեկտրոնային առևտրի զարգացումը ինչպես է ազդում ՀՀ-ում մանրածախ առևտրով զբաղվող խանութ-սրահների գործունեության վրա։
Էլեկտրոնային առևտուրը տարբեր շուկաների մրցակցության վրա ունեցել է էական ազդեցություն, անգամ կենտրոնացված շուկաներում այն խթան է հանդիսացել մրցակցություն ապահովելու համար:
ՀՀ տարածքում էլեկտրոնային առևտրի ծավալները տարեցտարի աճում են։ 2021 թվականին էլառևտրի շրջանառության ծավալը կազմել է 506,5 միլիոն դոլար (2017 թվականի համեմատ աճը կազմել է 145 տոկոս):
Զարգացման խթաններից է եղել առանց մաքսազերծման առևտրի շեմի բարձրացումը, որոշ չափով ազդեցություն է ունեցել նաև COVID-19 համավարակը:
Էլեկտրոնային առևտրի միջոցով ՀՀ ներմուծվող ապրանքատեսակների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն հագուստը և աուդիո-վիդեո- և այլ չափսերով ու քաշով փոքր տեխնիկաները:
ՀՀ օրենսդրությամբ առկա չեն էլեկտրոնային առևտրի ոլորտի վերաբերյալ ամբողջական կարգավորումներ, ինչը հնարավորություն չի տալիս համապարփակ կերպով վերահսկել և կարգավորել ոլորտը: