Եվրամիությունը բացահայտորեն չարաշահում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները, այդ թվում՝ առաջ մղելով «լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ հարուցող առաքելությունը» Հայաստանի տարածքում: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը հարցեր է առաջացնում իր գործառույթի, մանդատի, տևողության և այն «ավելացված արժեքի տեսանկյունից, որն առաքելությունը կարող է ներդնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում»:
«Մենք առաջնորդվում ենք ծագող բոլոր խնդիրների այնպիսի լուծմանը նպաստելու սկզբունքով, որը նախ կհիմնվեր երեք առաջնորդների սկզբունքային պայմանավորվածությունների վրա, երկրորդ՝ կապահովեր փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի երկրների միջև։ Հարավային Կովկասից հեռու գտնվող ոչ բոլոր խաղացողներն են, որ առաջնորդվում են նույն սկզբունքներով: Նրանք ցանկանում են այստեղ աշխատել ոչ թե ինչ-որ բանի օգտին, այլ ինչ-որ մեկի դեմ։ Մենք դա տեսնում ենք, հուսով եմ, որ դա տեսնում են նաև ներգրավված կողմերը»,- ասել է Լավրովը: