Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրեքսիթից հետո Հյուսիսային Իռլանդիայի համար առևտրի կանոնների վերաբերյալ նոր գործարք են կնքել:
Ձեռք բերված համաձայնությունն ուղղված է լարվածության մեղմացմանը, որն առաջացել է 2020 թ. Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների պատճառով:
Ֆոն դեր Լայենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Սունակը հայտնել է, որ կողմերը վճռական առաջընթաց են գրանցել Հյուսիսային Իռլանդիայի հարցում: Նրա խոսքով՝ համաձայնագիրը կապահովի անխափան առևտուրը Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում և կպահպանի Հյուսիսային Իռլանդիայի տեղը Միությունում:
Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հերթին նշել է, որ գործարքը ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համագործակցության նոր գլուխ է բացում: «Դա թույլ կտա նվազեցնել բյուրոկրատիայի քանակը մաքսային հարցերում պարզեցնել ապրանքների և մարդկանց տեղաշարժը սահմանով: Գլխավորն այն է, որ մենք գտել ենք մեր շուկաներից յուրաքանչյուրի պաշտպանության լուծումը, որը բավարարում է բոլոր կողմերին։ Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև կոշտ սահման չի լինի»,- ընդգծել է Ֆոն դեր Լայենը:
Համաձայնագիրը պետք է հաստատի Բրիտանիայի խորհրդարանը։