ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։
Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է գործընկերոջը՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել․ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների դերը։ Վստահ ենք, որ մեր նախարարությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կշարունակենք համատեղ աշխատանքներ իրականացնել՝ ելնելով մեր երկրների և ժողովուրդների լավագույն շահերից»։
Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի խոսքով՝ երկու երկրների միջև հատկապես վերջին տարիներին ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն․ «Անչափ ուրախ ենք, որ հարևան և բարեկամ երկիր այցելելու առիթ ընձեռվեց։ ԻԻՀ կառավարության քաղաքականության սկզբունքային առաջնահերթություններից է հարևան պետությունների, մասնավորապես՝ ՀՀ-ի հետ զարգացնել համագործակցությունը։ Ուստի, անչափ կարևորում ենք երկու երկրների միջև սոցիալական պաշտպանության ոլորտում ջանքերի մեկտեղումը։ Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարությունն ունի մեծ ռեսուրսներ և պատրաստակամ է լավագույն փորձով կիսվել Հայաստանի հետ։ Միաժամանակ, պատրաստակամ ենք նաև մեր երկրի ներուժն ու հնարավորությունները ներդնել, որպեսզի Կովկասում խաղաղություն և կայունություն լինի»։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծման, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։
Անդրադառնալով երկու երկրների միջև կրթական և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ քննարկվել է նաև իրանական կողմի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։ Իրանի 13.000 ուսումնարաններում տարեկան ավելի քան մեկ միլիոն քաղաքացու տեխնիկական և մասնագիտական կրթություն է ապահովվում․ ըստ այդմ՝ դիտարկվել է Հայաստանում նմանօրինակ աշխատարան ստեղծելու հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում նախարար Մորթազավին հետաքրքրվել է 2020 թ․ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի, մատուցվող ծառայությունների մասին։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ԱՍՀՆ-ի կողմից իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող բարեփոխումները՝ մանրամասնելով վերջիններիս մատուցվող ծառայությունները։
Այս համատեքստում նախարարները քննարկել են Սյունիքում անկախ կյանքի կենտրոն ստեղծելու հնարավորությունը․ Սեյեդ Սոուլաթ Մորթազավին պատրաստակամություն է հայտնել տրամադրել մասնագիտական աջակցություն և կիսվել լավագույն փորձով, միաժամանակ 2020 թ․ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերականգնողական ծառայությունների մի փուլ էլ մատուցել Իրանում։
Հանդիպման ավարտին նախարարները պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։