Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 24-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 18, ընտանեկան բռնության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու` 10, խարդախության՝ 7, յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, խուլիգանության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, ֆիզիկական ներգործության ու սառը զենք կրելու՝ 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, շորթման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների, սառը զենքի հայտնաբերման, ջրերն աղտոտելու, խոշտանգման, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելու, ազատությունից ապօրինի զրկելու, սպառնալիքի, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու և հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և ավազակային հարձակման՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 57 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: