Տնտեսական տարին սկսվել է 10.5 տոկոս աճով: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է 94 տոկոս, արտահանումն աճել է 129.6, իսկ ներմուծումը՝ 72.5 տոկոսով: Ծառայությունների ծավալն աճել է 26, շինարարությանը՝ 12, առևտրի շրջանառությունը՝ մոտ 18, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1.4 տոկոսով: Անկում է գրանցել էլեկտրաէներգիայի արտադրությունը`1.5 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 8.1, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ մոտ 1.5 տոկոս:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ինչքան էլ որ կանխատեսումներն այնպիսին էին, որ 23 թվականին պետք է տնտեսական աճի նվազում տեղի ունենա, փաստը ցույց է տալիս, որ 10.5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ է, ակնհայտ է, որ դա ձևավորվել է զուտ աշխատանքի՝ ջանք թափելու արդյունքում: Այսինքն՝ եթե նայում ենք 22 թվականին, հիմնականում պայմանավորում էինք տուրիզմի մեծ հոսքով, հատկապես ուկրաինական հակամարտության համապատկերում, ապա այժմ վստահորեն կարող ենք ասել, որ դրա ազդեցությունը խիստ նվազել է:
Մասնագետների գնահատմամբ՝ այստեղ նախորդ տարվա աճի իներցիոն ազդեցությունը կա, սակայն գոհացուցիչ չէ արդյունաբերության ոլորտում գրանցված ցածր տեմպը:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - 1.4 տոկոս աճող արդյունաբերության պայմաններում դու ունես 2.3 տոկոս արտահանման ավելացում, այստեղ ակնհայտ է վերաարտահանման դերը, բայց մյուս կողմից էլ՝ առկա է ռիսկ, որ այն ռեսուրսը, որը կարող էր ուղղվել մշակող արդյունաբերությունում մրցունակության բարձրացմանը միտված ներդրումների կատարմանը, նոր շուկաների գրավմանը, նոր պրոդուկտների թողարկմանը, այդ ռեսուրսներն այսօր կուղղորդվեն ներդրումների տեսքով այլ ոլորտներ, որոնք շատ ավելի մեծ շահույթ են բերում՝ երրորդ երկրից ինչ-որ ապրանք բերել՝ վերաարտահանել Ռուսաստան:
Արմեն Քթոյանը նշում է՝ այս ցուցանիշի վրա ազդել է նաև արտերկրից մարդկանց ներհոսքը, սակայն սա չէր լինի, եթե Հայաստանում համապատասխան միջավայր չլիներ:
Արմեն Քթոյան - Պետության դերը նախապայմանների ձևավորումն է, այն, որ տասնյակ հազարավոր ռելոկանտներ գալիս են, Հայաստանում են իրենց բիզնեսը տեղակայում կամ իրենց կենսագործունեությունը տեղափոխում են Հայաստան, դա պայմանավորված է նաև այն միջավայրով, որը ձևավորված է: Դա և՛ բիզնեսի գրանցման մասով, և՛ տարբեր ինստիտուտների համեմատաբար արդյունավետ աշխատանքի արդյունքն է:
Տնտեսությունը քաղաքականության հայելային արտացոլումն է, կարծում է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, և, ըստ նրա, հնարավոր չէ ունենալ վատ քաղաքական համակարգ, բայց լավ տնտեսական ցուցանիշներ:
Սերգեյ Բագրատյան - Նույնիսկ ունենալով արտաքին այս ռիսկերը՝ պատերազմական և այլն, տնտեսությունը կայուն է աշխատում և այլևս խիստ կախված չի անվտանգային համակարգից, առավել շատ կախված է ներքին քաղաքական օրակարգերից:
Պատգամավորի կարծիքով՝ եթե 2023-ին տհաճ անակնկալներ չլինեն, Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ երկնիշ աճ կգրանցի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան