Համաձայնագրի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 27-ի նիստում ներկայացնելով ««ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ` սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դրանց համատեղ դիմակայման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությունները:
Գևորգ Մանթաշյանի ներկայացմամբ՝ կողմերը տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցություն են իրականացնում մի շարք ուղղություններով: Մասնավորապես, կարևորվել է տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգումը, իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակումը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցումը և իրականացումը, երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը, տեղեկացնելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին, առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: