Վերջին 3.5 տարում դատարանում 494 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության հիմքով: Նույն ժամանակահատվածում նախաքննության փուլում այդ հիմքով կարճվել է 4296 վարույթ:
Վաղեմության ժամկետը քրեական օրենքով սահմանված այն ժամանակահատվածն է, որը անցնում է հանցանքը կատարելուց հետո և հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է:
Հենց այս հիմքով մի շարք աղմկոտ գործեր կամ կարճվել են, կամ էլ կարճման եզրին են: «Մարտի 1»-ի գործը դրանցից մեկն է:
Հայկ Հովհաննիսյան (Գլխավոր դատախազության դատախազ) - Վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում դադարեցվել է 4 անձի նկատմամբ:
Նրանք են՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, նրա տեղակալ Սաշա Աֆյանը, ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հայկ Միլիտոնյանը, նրա տեղակալ Հովհաննես Թամամյանը: Նրանք հենց նախաքննության փուլում են դիմել, որպեսզի այդ հիմքով իրենց նկատմամբ հետապնդումը դադարեցվի: Վաղեմության ժամկետի հիմքով պատժից ազատվելը, սակայն, ենթադրում է մեղավորության ճանաչում, այսինքն՝ անձը չի համարվում արդարացված:
Հայկ Հովհաննիսյան - Օրինակ՝ Սաշա Աֆյանի պարագայում նրան մեղսագրված արարքը ավարտված է համարվել 2008 թվականի մարտի 1-ին, այդ արարքի համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները կազմել է 10 տարի, հետևաբար ժամկետի ընթացքն ավարտվել է 2018 թվականին:
Նախկին Քրեական օրենսգրքով՝ անձը ազատվում էր քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել էր 2 տարի, միջին ծանրության հանցանքի դեպքում՝ 5, ծանրի դեպքում՝ 10 տարի, առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքից՝ 15 տարի:
Հայկ Հովհաննիսյան - Նշված անձանց մեղսագրված արարքները 3-ի դեպքում եղել են միջին և ծանր հանցագործություններ, մեկի դեպքում՝ ծանր հանցագործություն:
Հայկ Միլիտոնյանը, Ալիկ Սարգսյանը և Հովհաննես Թամամյանը մեղադրվում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կեղծիքի և հանցագործությունը պարտակելու, իսկ Սաշա Աֆյանը՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու համար: Նրանց վերաբերյալ որոշումները կայացվել են մինչև նոր օրենսգրքի ընդունումը:
Սակայն նոր օրենսգրքով այդ ժամկետներն ավելի խստացվել են` ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում վաղեմության ժամկետը 5 տարուց է լրանում, միջին ծանրության հանցանքի դեպքում՝ 10, ծանրի դեպքում՝ 15 և առանձնապես ծանր հանցանքի դեպքում՝ 20 տարուց:
Նարեկ Մովսիսյան (ԳԴ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ) - Այսինքն՝ նշված ժամկետներից այն կողմ անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե կատարել է, օրինակ՝ ոչ մեծ ծանրության արարք, արարքը ավարտված համարվելու օրվանից անցել է 5 տարի ժամանակ, և այդ ընթացքում նա չի կատարել նոր հանցագործություն, ուրեմն արդեն առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք:
Վաղեմության ժամկետները նաև կարող են ընդհատվել և կասեցվել:
Նարեկ Մովսիսյան - Օրինակ՝ ընդհատվում է այն դեպքում, երբ անձը կատարում է նոր հանցագործություն, տվյալ դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը վերսկսում է նոր հանցագործությունն ավարտված համարելու հաջորդ օրվանից, իսկ վաղեմության ժամկետը կասեցնելու իրավիճակը այն է, երբ անձը խուսափում է քննությունից՝ տվյալ իրավիճակում ժամկետի հաշվարկը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ նրա կողմից մեղայականով ներկայանալու ժամանակ:
Եթե տվյալ հիմքի առկայությամբ գործը ամեն դեպքում հասնում է դատարան, ապա դատարանն արդեն դատական ակտով կամ վճռում է, որ անձը մեղավոր չէ, կամ հաստատում է մեղքը, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է:
Նարեկ Մովսիսյան - Դատավարության ցանկացած փուլում՝ վարույթ նախաձեռնելուց մինչև դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը, անձը՝ մեղադրյալը, իրավունք ունի, եթե առկա են հետապնդումը բացառող հանգամանքներ, իրավունք ունի օգտվել այդ իրավունքից:
Դատախազը որպես օրինակ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի գործն է նշում: 17 տարի Վանաձորը ղեկավարած Հանրապետական կուսակցության անդամ Դարբինյանն իր պաշտոնավարման ժամանակ քաղաքի միակ հիվանդանոցի հարակից 85 քառակուսի մետր համայնքապատկան տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել էր, թեև տարածքը հիվանդանոց տանող ճանապարհ էր և օտարման ենթակա չէր։ Նախաքննության փուլում նա դեմ է եղել իր նկատմամբ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելուն:
Նարեկ Մովսիսյան - Արդեն դատարանում մեղադրյալը միջնորդություն է ներկայացրել, որ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով իր նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվի: Դատարանը բավարարել է նշված միջնորդությունը և դադարեցրել է նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը, բայց նույն դատարանի որոշմամբ հաստատված է համարվել, որ անձը կատարել է իրեն վերագրվող արարքները:
Այս հիմքի առկայության դեպքում թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել չի կարող:
Պաշտոնյաներից մեկն էլ, որի նկատմամբ այս հիմքը կիրառվել է, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն է: Ըստ մեղադրանքի՝ նրա որոշմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող «Հաղթանակ» զբոսայգու հողատարածքի 10 հազար քառակուսին համարվել է ոչ զբոսայգու հողատարածք:
Արմեն Մուրադյան (Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ) - Հետագայում ուղղակի վաճառքով 165 միլիոն դրամով օտարվել է ««Գոլդեն փելես» հյուրանոց» ՍՊ ընկերությանը, մինչդեռ հատկանշական է, որ հիշյալ գույքի շուկայական արժեքը կազմել է 2 միլիարդ 990 միլիոն դրամը:
Բացի այդ, դատախազի խոսքով, կրկին «Գոլդեն փելեսին» օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու հողատարածքի 17 հազար 770 քմ-ն՝ 281 միլիոն դրամով: Այդ հողատարածքը ևս օտարման ենթակա չէր:
Արմեն Մուրադյան - Նախաքննության ընթացքում Երվանդ Զախարյանի կողմից դիմումներ են հասցեագրվել վարույթն իրականացնող մարմնին, որով վերջինս հայտնել է, որ թեև առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում, այնուամենայնիվ, չի առարկել, որպեսզի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները դադարեցվեն՝ նկատի ունենալով, որ ենթադրյալ արարքները կատարվել են 2006 և 2008 թվականներին:
Դատախազը միաժամանակ նշում է, որ այս վարույթը դեռևս նախաքննության փուլում է, որով քննության առարկա է 33 հողամասերի օտարման գործընթացը: Կան նաև նոր նախաձեռնված վարույթներ, որոնք ևս վաղեմության ժամկետ ունեն: Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը: Ըստ իրավապահների՝ նախարար եղած տարիներին Օհանյանը 2008-ին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ օտարել է զորամասի տարածքը: Այս դրվագով թեև վաղեմության ժամկետի խնդիր կա, սակայն Օհանյանը առարկել է, որ այդ հիմքով հետապնդումը դադարեցվի: Նա հայտարարել է՝ պատրաստվում է դատարանում ապացուցել իր անմեղությունը:
Վաղեմության ժամկետն անցնելու պատճառ են դառնում նաև ձգձգվող դատապրոցեսները: Այդ խնդրին Կառավարության փետրվարի 9-ի նիստին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ դա ազդում է դատական համակարգի նկատմամբ ունեցած վստահության վրա:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ինչո՞ւ է անցել վաղեմության ժամկետը, որովհետև քննությունները որոշ դեպքերում ուղղակի ձգձգվում են, տևում են տարիներ, հետո՝ դատական գործերը։
Թե անհարկի ձգձգվող քանի գործեր կա, հայտնի չէ: Նշենք, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում այն հանցանքների դեպքում, որոնց համար օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է ցմահ ազատազրկում, նաև չի կիրառվում խոշտանգման, ահաբեկչության, էկոցիդի, ցեղասպանության հանցանքի դեպքում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան