Լյուքսեմբուրգը եղել և մնում է կարևոր գործընկեր Հայաստանի համար: Մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում: Մեր երկիրը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ փոխգործակցությունը նաև ժողովրդավարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում. նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը փետրվարի 27-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Սոնա Ղազարյանի գնահատմամբ Եվրամիությունում Լյուքսեմբուրգը տարբերվում է հստակ և հասցեական ուղերձներով: Դրա վառ վկայությունն են կոշտ գնահատականները 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում: «Լյուքսեմբուրգը հասցեական էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ հայտարարություններում, և այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում նրա աջակցությունը»,- ընդգծել է բարեկամական խմբի ղեկավարը:
Նա հավելել է, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը և ապօրինի ներխուժել երկրի ինքնիշխան տարածք: Նման փխրուն անվտանգային միջավայրում Սոնա Ղազարյանը կարևորել է ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացումը:
Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը և դրա հումանիտար հետևանքներին: Այս առումով նա ընդգծել է Լյուքսեմբուրգի կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու կարևորությունը: Պատգամավորը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
«Մենք շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ»,- ասել է Սոնա Ղազարյանը:
Ջունա Բերնարդն ընդգծել է, որ իրենց խորհրդարանն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ադրբեջանական ագրեսիային և Լաչինի միջանցքի փակմանն ու մտահոգված է այս իրավիճակով: «2020 թվականի ագրեսիայից հետո մենք նույնպես քաջալերում և խրախուսում էինք զինադադարի կնքումը, ինչպես նաև Արցախին քաղաքական կարգավիճակ տալը»,- ասել է հյուրը:
Խորհրդարանի փոխխոսնակը դատապարտել է Հայաստանի դեմ վերջին հարձակումները և ընդգծել, որ իրենք աջակցում են ԵՄ-ի՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշմանը: «Մենք շարունակելու ենք աջակցել խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Արցախում բնակվող հայերի իրավունքը»,- փաստել է Ջունա Բերնարդը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի անդամներ Արման Եղոյանը, Սեյրան Օհանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ծովինար Վարդանյանը:
Խմբի անդամները ևս անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված աղետալի վիճակին, արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում պատանդառված հայերի շուտափույթ վերադարձին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայկական օրակարգի շուրջ իշխանության և ընդդիմության համատեղ աշխատանքին, ինչպես նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային մի շարք խնդիրների: