Առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի ընդունման արդյունքում նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:
Փոխնախարարը նշել է, որ առաջարկի հիմքում դատախազների աշխատանքի ռիսկայնությունն է, ինչպես նաև այդ աշխատանքն առավել գրավիչ դարձնելու նպատակը: Նշվել է, որ հավելումը դատախազները կստանան ոչ հավասար չափով, յուրաքանչյուր դատախազ հավելում կստանա` ըստ իր դրույքաչափի:
Հարցը քննարկվել է հանձնաժողովի այսօրվա նիստում և ստացել դրական եզրակացություն: