ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱԿ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստը: Բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրել է համատարած մահվան, ավերածությունների և տեղահանումների։ Գուտերեշը հայտարարել է, որ պատերազմն առաջացրել է մարդու իրավունքների «զանգվածային խախտումներ»: Նստաշրջանի բացմանը ելույթի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը:
«Տասնամյակների ընթացքում գրանցված առաջընթացի մեծ մասը ի չիք է դառնում, իսկ որոշ դեպքերում անգամ հետընթաց է գրանցվում»,- ասել է գերագույն հանձնակատար՝ ընդգծելով, որ աշխարհը վերջին մեկ տարում ականատես եղավ Ուկրաինա ռուսական, նրա բնորոշմամբ՝ «անիմաստ ներխուժմանը»:
ԿՐԵՄԼՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի խաղաղության ծրագրիրը Կրեմլի ուշադրության ներքո է, դրա մանրամասները պետք է մանրակրկիտ վերլուծության ենթարկվեն և ուսումնասիրության առարկա դառնան. սա երկար և լարված գործընթաց է՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարության կայքում հրապարակվել էր 12 կետից բաղկացած հայտարարություն, որով արտահայտվում էր Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ։ Հիմնական կետերից էին երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը, հետագա էսկալացիան կանխելու կոչը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես անդրադարձել է Պեկինի խաղաղության ծրագրին, շեշտել՝ այդ նախաձեռնությունը հաշվի չի առնում բոլոր կողմերի դիրքորոշումները, ուստի դժվար կլինի այն կյանքի կոչել:
ՊԵԿԻՆԸ ԿԱՊ Է ՊԱՀՈՒՄ ԿԻԵՎԻ ՀԵՏ. ՉԺՀ ԱԳՆ ԽՈՍՆԱԿ
Չինաստանը կապ է պահպանում ռուս-ուկրաինական հակամարտության բոլոր կողմերի հետ, ներառյալ Կիևի՝ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը:
Մաո Նինգը նշել է, որ Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ չափազանց հստակ և հետևողական է: «Մեր հիմնական շահն է նպաստել խաղաղ բանակցություններին և առաջ մղել ճգնաժամի քաղաքական լուծումը»,- ասել է խոսնակը: Օրեր առաջ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել Չինաստանի նախագահի հետ, սակայն չի հստակեցրել, թե երբ կկայանա հանդիպումը:
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Այսօր Թուրքիա է մեկնել Հունգարիայի արտգործնախարարը: Անկարայում Պետեր Սիյարտոն հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար կրկնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը։ Չավուշօղլուի համոզմամբ՝ «ահաբեկչությունը ՆԱՏՕ-ի երկու սպառնալիքներից մեկն է», և Թուրքիայի մտահոգությունները պետք է լուծվեն երկու թեկնածու երկրների կողմից: «Հնարավոր չէ «այո» ասել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, եթե այդ քայլերն արված չեն»,- շեշտել է Թուրքիայի գլխավոր դիվանագետը:
ԵԳԻՊՏՈՍԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ Է
Եգիպտոսի արտգործնախարարության ղեկավար Սամեհ Շուքրին այսօր պաշտոնական այցով Սիրիայում է: Սա 2011 թվականի ճգնաժամից ի վեր եգիպտացի բարձրաստիճան դիվանագետի առաջին այցն է Սիրիա՝ ի նշան Սիրիայի և արաբական երկրների միջև հարաբերությունների ջերմացման: Եգիպտոսի արտգործնախարարը նշել է, որ այցի նպատակն առաջին հերթին մարդասիրական է: Սիրիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ երբ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը գալիս է Դամասկոս, նա գալիս է իր տուն, իր երկիր: Սիրիական հակամարտության ընթացքում Կահիրեի և Դամասկոսի միջև բարձր մակարդակի հարաբերությունները դադարեցվել Էին։ 2014 թ. Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի ընտրվելուց հետո պետությունների ղեկավարների առաջին զրույցը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 7-ին՝ ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո:
Այսօր նաև նախատեսված է Եգիպտոսի արտգործնախարարի այցը Թուրքիա։