1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Պետական այրերը ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Գանձակ և Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածների զոհ դարձած հայերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Սումգայիթի ոճրագործության զոհ դարձան հարյուրավոր հայեր՝ երեխաներ, կանայք, ծերեր: Հազարավորները բռնի տեղահանվեցին:
Բաքվից 30 կմ հեռավորության վրա 1988 թվականի փետրվար 27-29-ն իրականացված հայերի ջարդերը Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված էին: Նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն և խաղաղ ապրելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելն էր:
ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Հենց Սումգայիթի ողբերգության անպատժելիության հետևանքով կարճ ժամանակ անց նմանօրինակ բարբարոսություններ սանձազերծվեցին Բաքվում, Գանձակում և այլուր: Ադրբեջանական իշխանությունները փորձեցին էթնիկ զտման իրենց քաղաքականությունն իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում՝ հարուցելով մեր հայրենակիցների արդարացի բողոքն ու դիմադրությունը: Արցախի մեր հայրենակիցները ոտքի կանգնեցին իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու անքակտելի իրավունքների համար, և այդ պայքարը շարունակվում է մինչև օրս։ Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում։
Արյունալի իրադարձությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր հարկադրված լքեցին իրենց տները՝ թողնելով ունեցվածքն ու գույքը: Ադրբեջանի դատարանը սպանդը համարեց խուլիգանություն, 94 մարդասպաններից միայն մեկին դատապարտեց մահապատժի: Պետականորեն ծրագրված հայատյացության զոհ դարձան նաև Բաքվի, Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ նաև Հադրութի, Շուշիի, ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՂ-Ն ՀԱՅԱԹԱՓԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն - Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է: Ադրբեջանը, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը:
Արտգործնախարարության հայտարարությունն ընդգծում է, որ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան