Փետրվարի 26-ին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման երկրորդ տարեդարձի կապակցությամբ, գլխավոր հյուպատոսությունը Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության հետ համատեղ նախարարության գլխավոր սրահում կազմակերպել է ՀՀ-ում բնակվող քուրդ, եզդի և ասորի ազգային փոքրամասնությունների մասին պատմական լուսանկարների և արխիվային փաստաթղթերի ցուցահանդես, որի պաշտոնական բացմանը նախորդել է Մատենադարանում պահվող հայատառ քրդական ձեռագրերի, հայատառ քրդերեն տպագիր գրքերի մասին Մատենադարանի գիտաշխատող Գոռ Երանյանի ելույթը:
Միջոցառմանը ներկա էին Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալին, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Սաֆին Դեզային, Իրաքյան Քրդստանի նախագահի ավագ խորհրդական Ֆալահ Մուստաֆան, Քրդստանի ժողովրդավարական կուսակցության և Քրդստանի հայրենասիրական միության կուսակցական բարձրաստիճան գործիչներ, Էրբիլում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակութային և քաղաքական գործիչներ, մտավորականներ, Էրբիլի, Դհոկի, Զախոյի, Ավզրուկի հայ համայնքի ներկայացուցիչներ, ասորական համայնքի մտավորականներ և մշակութային ու հոգևոր գործիչներ:
Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալին, գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ինչպես նաև ընթերցվել է այս կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ողջույնի խոսքը:
Հրատարակվել է նաև ցուցահանդեսի նյութերի պատկերազարդ ալբոմ: