Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ունի կատարման պարտադիր ուժ. սա նշանակում է՝ որոշման պահից Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի՝ ապահովելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երկկողմ, անխափան տեղաշարժը: Ժամկետ դատարանը չի սահմանել, դա նշանակում է՝ որոշումը ենթակա է անմիջապես կատարման: Չնայած դրան՝ Ադրբեջանը դեռևս փակ է պահում միջանցքը: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ հնարավոր բոլոր լծակներով պետք է հետևողական լինել, որ Ադրբեջանը կատարի Հաագայի դատարանի որոշումը:
Եղիշե Կիրակոսյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Ամբողջ պրոցեսը քաղաքական է, այն մարմինը, որը որոշակի պատասխանատվություն կրում է Հաագայի դատարանի վճիռների, որոշումների կատարման ապահովման համար, Անվտանգության խորհուրդն է: Երբ որ խնդիր առաջանա, պրոբլեմային դառնա հարցը, իրավասու կլինի միջամտելու:
Եղիշե Կիրակոսյանը դրական է համարում տարբեր երկրների արտգործնախարարությունների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները, որոնք հղում են անում Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:
Եղիշե Կիրակոսյան - Պետք է ուժեղացնել ճնշումը այս ուղղությամբ: Միակ ճանապարհը դա է, լավ է, կարևոր է որոշումը, արձանագրում է հանգամանքը, կարևոր է, քանի որ իրավաքաղաքական առումով, եռակողմ հայտարարությունից դուրս, ևս մեկ պարտադիր իրավական փաստաթուղթ կա, որ ձևակերպում է Լաչինով անխափան անցնելու հանգամանքը, Ադրբեջանի պարտավորությունը դա ապահովելու:
Հունվարի 30-ին և 31-ին Հաագայում տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներ: Հայաստանի պահանջն էր, որ Ադրբեջանը դադարեցնի իր օժանդակությունը էկոակտիվիստների ցույցերին, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով երկկողմանի տեղաշարժը, երաշխավորի անխափան հաղորդակցությունն ու չխոչընդոտի Լեռնային Ղարաբաղ բնական գազի և հանրային այլ ծառայությունների մատակարարումը: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին բավարարեց Հայաստանի պահանջներից հիմնականը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին Լաչինով ազատ տեղաշարժը վերականգնելու միջոցներ ձեռնարկել:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսքով՝ Հաագայի դատարանում Ադրբեջանի դեմ ամբողջական գանգատի քննության ընթացքում ևս Հայաստանը կներկայացնի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու դատարանի որոշումներն Ադրբեջանի կողմից անտեսվելու ապացույցները: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կարող է ստեղծել երեք դատավորից կազմված կոմիտե՝ հետևելու որոշումների կատարման ընթացքին:
Եղիշե Կիրակոսյան - Նման պրակտիկա դատարանն ունեցել է, սերտ հետևել է պետությունների վարքագծին: Հնարավոր է փաստահավաք առաքելություն գա, պետք է աշխատել: Երեք դատավորներից կազմված կոմիտեն նոր երևույթ է դատարանի գործունեության մեջ:
Բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումների հետ կապված հայկական կողմի պահանջը չբավարարվեց. դատարանը համարեց, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել: Եղիշե Կիրակոսյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ աշխատում են: Եթե ժամանակավոր միջոց կիրառելու համար նոր գանգատ չներկայացնեն, այդ ապացույցները կօգտագործվեն գործի ընդհանուր քննության ժամանակ: Իսկ Եվրադատարանում Հայաստանն Ադրբեջանի դեմ ունի 4 գանգատ՝ 2020-ի 44-օրյա պատերազմի, գերեվարված անձանց ապօրինի դատավարությունների, Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայության, դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որի մեջ ներառված է նաև հայ զինծառայողների գնդակահարության աղմկահարույց դեպքը: 4-րդ գանգատը վերաբերում է 2022-ի Փառուխի, Քարագլխի դեպքերին, Արցախում գազի անջատումներին և Լաչինի միջանցքին: Ինչ վերաբերում է գերեվարված 33 անձանց նկատմամբ ադրբեջանական ապօրինի իրավական գործողություններին, ըստ Կիրակոսյանի՝ դրանք նախապես բեմականացված էին՝ որոշակի ժամանակահատված հայ զինծառայողներին Ադրբեջանում պահելն արդարացնելու համար:
Եղիշե Կիրակոսյան - Մաքսիմալ ջանքերն արված են, հիմա լրացուցիչ անելիք չունենք, եթե նոր ապացույցներ լինեն, բնականաբար, կներկայացնենք դատարանին: Կան նաև բռնի անհետացածներ, այս դեպքերով էլ հարցը բարձրացվում է տարբեր մակարդակներում՝ ՄԻԵԴ-ում, Հաագայի դատարանում, աշխատանքները շարունակվում են:
Բաքուն շարունակում է չկատարել նաև խոշտանգված ու սպանված հայ անձանց մի շարք գործերով ՄԻԵԴ-ի վճիռները: Եղիշե Կիրակոսյանը վերջին անգամ 2022-ի դեկտեմբերին Ստրասբուգում է հարցը բարձրացրել ԵԽ նախարարների կոմիտեի վճիռների կատարման դեպարտամենտում: