Կամավոր ատեստավորումը կներդրվի նաև Ոստիկանությունում: Նախագիծը շրջանառության մեջ է, նոր հնարավորությունը տարածվելու է իրավապահ այդ համակարգի գրեթե բոլոր ծառայողների վրա, բացառությամբ Ոստիկանության պետի, նրա տեղակալների ու զորքերի հրամանատարի: Ներքին գործերի նախարարությունում նկատում են՝ սա թույլ կտա առնվազն կրկնապատկել աշխատավարձը, կամավոր սկզբունքով, 3 տարվա ընթացքում:
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի փոխնախարար) - Երեք տարվա կտրվածքով մեր ծառայողները պետք է փորձեն, անցնեն ատեստավորումը, եթե երրորդ տարվա ավարտին չկարողացան ստանան այն հավաստագիրը, որ նրանք անցել են ատեստավորումը, ապա այս դեպքում սա կլինի պաշտոնից ազատման հիմք որպես այդպիսին:
Հավելավճարի չափն ու կարգը կսահմանի գործադիրը, Սարգսյանը բացատրում է՝ հիմա հաշվարկներ են կատարվում, որ բարձրացումը հավասարաչափ լինի, ու աշխատավարձի չափը մի ծառայությունից դեպի մյուս արտահոսքի պատճառ չդառնա: Եթե նախագիծն օրենք ուժ ստանա, առաջին ցանկացողները կարող են գրանցվել ու ատեստավորում անցնել արդեն մայիսից: Ըստ փոխնախարարի՝ 3 տարվա ընթացքում ատեստավորման նվազագույնը երեք հնարավորություն կտրվի, գիտելիքների ու հմտությունների ստուգումը կիրականացվի երկփուլ տարբերակով:
Արփինե Սարգսյան - Կառավարության որոշման մակարդակում մենք նպատակ ունենք հստակեցնելու, որ սա վերաբերում է թե հարցաշարային մակարդակով ստուգմանը, և թե մարտական ու ֆիզիկական մակարդակում ստուգմանը, որը, բնականաբար, կենթադրի արդեն պրակտիկ գործողությունների կատարում, և, ըստ այդ աշխատակցի, արդեն գնահատում, կլինեն նաև այնպիսի խումբ ծառայողները, որ իմ կողմից նշված ձևաչափին կգումարվի նաև հարցազրույցի մեթոդով ատեստացիա անցկացնելու տարբերակը:
Եռափուլ համակարգը կվերաբերի միայն ղեկավար պաշտոն զբաղեցնողներին: Իսկ հարցաշարը, փոխնախարարի վստահեցմամբ, անկախ դիրքից, չի սահմանափակվի մասնագիտական գիտելիքների ստուգմամբ՝ կլինեն հոգեբանական իրավիճակին, նաև բարեվարքության բաղադրիչին վերաբերող հարցեր: Ի տարբերություն մյուս օղակների՝ Ոստիկանության ատեստավորումն առանձնահատուկ բաղադրիչ կունենա: Այն ծառայողներին, որոնք առաջին անգամ չեն հաղթահարի քննությունները կամ չեն էլ փորձի ատեստավորվել՝ իրենց ուժերի վրա վստահ չլինելով, 3 տարվա մեջ մեկ անգամ կտրվի վերապատրաստում անցնելու հնարավորություն:
Արփինե Սարգսյան - Սա, ըստ էության, լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի մենք կարողանանք մեր այն ծառայողների համար, ովքեր որ մի փոքր կարող են կաղալ տարբեր կարողությունների ու հմտությունների տեսանկյունից, պոզիտիվ միջամտություն ունենանք պրոցեսին, նրանց տանք այն գիտելիքների ու հմտությունների պաշարը, որը թույլ կտա ատեստացիան բարեհաջող անցնել, բայց սա բնավ չի նշանակում, որ վերապատրաստման կամ ատեստացիոն որևէ գործընթացի շրջանակում աշխատողին հասանելի են լինելու այն հարցաշարերը կամ այն ձևաչափերը, որոնց շրջանակում անձինք ատեստացիա են անցնելու:
Սարգսյանն ասում է՝ հաշվի առնելով համակարգի աշխատակիցների մեծ թիվը՝ 11-12 հազար ոստիկանի է վերաբերում նախագիծը, կրթահամալիրը պետք է պատրաստ լինի սպասվող վերապատրաստումներ իրականացնելուն:
Արփինե Սարգսյան - Մենք նպատակ ունենք այս վերապատրաստումները չիրականացնել դեկլարատիվ մակարդակով, այլ լուրջ բովանդակային, պոզիտիվ միջամտություն ցուցաբերել մեր ծառայողներին, և այս տեսանկյունից կրթահամալիրը պատրաստ կլինի ամբողջ ծավալով ստանձնել այդ ծանրաբեռնվածությունը 2024-ի հունվարի 1-ից հետո:
Վերապատրաստման ծրագրերն այժմ մշակվում են, այս դեպքում բացառվելու է մեկ ընդհանրական մոդուլի կիրառումը, ամեն ուղղության համար մշակվելու է առանձին ծրագիր:
Ատեստավորումն անցած աշխատակիցն իր հավելավճարը կպահպանի 5.5 տարի ու 4-րդ տարուց սկսած կարող է նոր ատեստացիա անցնել: Կրկնակի ստուգումը պարտադիր կլինի նաև պաշտոնի առաջխաղացման դեպքում: Նորաստեղծ նախարարությունում վստահ են՝ սա լավ գործիք է ստուգելու աշխատակիցների կարողությունները՝ համակարգում թողնելով միայն նրանց, ովքեր կարող են պատշաճ իրականացնել ոստիկանության առջև դրված բարդ խնդիրները: