Մոտ 10 հա այս տարածքում կլինի Երևանի քաղաքային նոր անտառը: «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքի աղտոտման պատճառով ամռանը նույնիսկ խոտ չի աճում: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի արդեն մեկնարկած աշխատանքներին հետևում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Արմեն Բեգոյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Շուրջ 8000, ամենաքիչը, գծամետր ոռոգման համակարգ ա անցկացվելու, տեղադրվելու են 1500 անձրևացնող համակարգ և մոտ 600 փական:
Հողային ու կավային շերտ կփռեն անհրաժեշտ վայրերում: Ծառերի տնկման աշխատանքները կսկսեն գարնանը:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Իրականացվում են մեծածավալ ոռոգման աշխատանքներ, և դրանից հետո էս բավականին բարդ հողի վրա, որը կարիք ունի հատուկ վերաբերմունքի, որ հնարավոր լինի այստեղ անտառտնկման աշխատանքներ իրականացնել, մենք որոշել ենք այնուամենայնիվ անել, անել այս տարի և դրա համար ռեսուրս և ուժ չենք խնայելու:
Ոռոգման աշխատանքների ու բարեկարգման համար ՀՈԱԿ-ը 25 մլն դրամ կծախսի, իսկ տնկիները հիմնականում նվիրատվություն են լինելու՝ տեղական ու միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից:
Տիգրան Ավինյան - Էս պահի դրությամբ, կարծում եմ, մենք կսահմանափակվենք էն բյուջեի շրջանակներով, որ արդեն իսկ «Կանաչապատման» մեր ՀՈԱԿ-ն ունի, այնուամենայնիվ, եթե կարիք լինի ավելացնելու այդ բյուջեն, անպայման մենք դա կդիտարկենք և կանենք:
Հստակ թիվը դեռ պարզ չէ, բայց վստահեցնում են՝ այստեղ մի քանի հազար ծառ են տնկելու: Քանի որ հողի որոշ հատվածներ աղակալած են, որոշել են ընտրել դիմացկուն տեսակներ:
Հասմիկ Խուրշուդյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ փորձագետ) - Փոսերը պետք է լինեն ոչ այնքան խորը, այլ լայն, որպեսզի հնարավորություն տանք ծառատեսակների արմատներին շարժվել հորիզոնական ուղղությամբ: Կիրառվող տեխնոլոգիան կլինի նորություն, երբևէ չի կիրառվել, և ուզում եմ շեշտել նաև, որ ռեկուլտիվացիոն աշխատանք Երևանի ողջ կանաչապատման պատմության մեջ առաջին անգամ է իրականացվում:
Տարածքում նաև առաջին անգամ ճշգրիտ քարտեզագրում են իրականացնում և՛ ծառերի, և՛ ոռոգման ամբողջ համակարգի համար:
Վոլոդյա Խաչատրյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի քարտեզագրող) - Շարել ենք 2 կետ, ցանց ենք կազմել մեր համար, 5-5 մետր հեռավորության վրա, որպեսզի ծառերը ունենան իրարից 5 մետր հեռավորություն՝ շախմատաձև: Հիմա էս սարքը էդ կետերի հիման վրա հեռավորությունն ու անկյունը տալիս ա մեզ: Տնկվելուց հետո նորից չափագրում ենք անելու, և բոլոր տվյալները մուտքագրվելու են համակարգ:
Երևանի կանաչապատման ծրագրով այս տարի քաղաքի տարբեր հատվածներում 10 տարեկան ծառերով կփոխարինվեն իրենց կյանքն ապրած հները՝ տեղեկացրեց փոխքաղաքապետը, նման ծառերը գերազանցում են քաղաքային ֆոնդի 50 տոկոսը: Եվս մեկ անտառ կհիմնեն Նոր Նորք վարչական շրջանում: