Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 2 մեդալ է նվաճել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Վազգեն Թևանյանը ոսկե, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ են նվաճել Ալեքսանդրիայի միջազգային մրցաշարում:
65 կգ քաշային կարգի եզրափակչում Վազգեն Թևանյանը 5 հաղթական գոտեմարտ է անցկացրել՝ եզրափակչում 8:2 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Քրիստոֆեփր Մաքքեննայի նկատմամբ։
Հայ ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 11:0 հաշվով հաղթել է Եգիպտոսի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել արգենտինացի ըմբիշից (6-1), իսկ կիսաեզրափակչում 4:0 հաշվով հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեկ րոպեում 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել իրանցի Յասին Աբաս Ռեզաեիաղուզգոլեհի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի նվաճմանը մոտ են եղել նաև 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 79 կգ քաշային Արման Ավագյանը, որոնք, սակայն, պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Մեդալներից անմասն են մնացել նաև Արման Անդրեասյանը (70 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ):
Մրցաշարին մասնակցել է աշխարհի 48 երկրի 184 ներկայացուցիչ: Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականն ավելի վաղ 9 մեդալ էր նվաճել Ռուսաստանի Ռյազան քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Հաղթողի կոչումը նվաճել էին Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանն (67 կգ) արժանացել էր արծաթե, Աշոտ Կիրակոսյանը (77 կգ) և Հովհաննես Հարությունյանը (87 կգ)՝ բրոնզե մեդալների: