ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 28-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան և կմասնակցի C5+1 հանդիպմանը։ ԱՄՆ-ը և Կենտրոնական Ասիայի երկրները Աստանայում կքննարկեն էներգետիկայի, հակաահաբեկչական գործողությունները և ուկրաինական ճգնաժամը, ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդիյարովը, հաղորդում է ТАСС-ը:
«Մինչ օրս Կենտրոնական Ասիայի երկրների բոլոր արտգործնախարարները հաստատել են իրենց մասնակցությունը: Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի հետագա համագործակցության հարցերը տնտեսության, էներգետիկայի և շրջակա միջավայրի ոլորտներում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Սմեդիյարովը։ Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները կանդրադառնան նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերին, այդ թվում՝ Ուկրաինայի և Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակին:
C5 + 1 ձևաչափը Կենտրոնական Ասիայի հինգ երկրի (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) և Միացյալ Նահանգների միջև փոխգործակցության բազմակողմ մեխանիզմ է: Այն ստեղծվել է 2015 թվականին՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրները տնտեսության, էկոլոգիայի և անվտանգության ոլորտներում։