ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այսօր հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ, անդրադարձել ժողովրդավարական արժեքների, ընդհանուր ընկալումների ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլվել է խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության վերաբերող հարցերի շրջանակ:
ԱԳ նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի Հանրապետության ջանքերը։
Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: