Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ հանդիպումից հետո նշել է, որ Թուրքիան մարտի 9-ին կվերսկսի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցությունները, գրում է Euronews-ը:
Թուրքիան հակաթուրքական և հակաիսլամական ցույցերից հետո հետաձգեց փետրվարի վերջին նախատեսված եռակողմ հանդիպումը։ Շվեդիայի իշխանությունների որոշումը՝ թույլ տալ ցույցեր անցկացնել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ, որոնց ժամանակ այրվել է Ղուրանը, զայրացրել է Անկարային։
Թուրքիան Շվեդիային մեղադրում է նաև քուրդ զինյալներին և աջակիցներին ապաստան տալու համար, որոնց նա անվանում է «ահաբեկիչներ»: Փետրվարի սկզբին Թուրքիայի նախագահը չէր բացառել, որ իր երկրի խորհրդարանը կվավերացնի Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ՝ առանց Շվեդիայի: Չավուշօղլուի համոզմամբ՝ «ահաբեկչությունը ՆԱՏՕ-ի երկու սպառնալիքներից մեկն է» և երկու թեկնածու երկրները պետք է լուծեն Թուրքիայի մտահոգությունները: «Հնարավոր չէ «այո» ասել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, եթե այդ քայլերն արված չեն»,- շեշտել է Թուրքիայի գլխավոր դիվանագետը:
Փետրվարի կեսերին Թուրքիայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել Ֆինլանդիային և Շվեդիային «անհապաղ» ինտեգրել դաշինքին: Այդ պետությունների անդամակցության հայտերն Անկարան արգելափակել է անցյալ տարվա մայիսից: