Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը հայտարարել է, որ Էր Ռիադն Ուկրաինային 410 մլն դոլար կհատկացնի, որից 100 մլն դոլարը՝ որպես հումանիտար օգնության, 300 մլն դոլարի օգնությունն էլ՝ նավթամթերքի տեսքով։ Այս մասին ԱԳ նախարարը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Al-Ekhbariya հեռուստաալիքը։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել աջակցությունն Ուկրաինային, տեղեկացրել է թագավորության պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդական ջանքերը և աջակցելու այն ամենին, ինչը նպաստում է լարվածության թուլացմանը: «Թագավորությունը ցանկանում է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը լուծվի խաղաղ ճանապարհով։ Մենք շարունակում ենք բոլոր կողմերի հետ ճգնաժամի կարգավորման ուղիներ փնտրել»,- ասել է արաբական երկրի ԱԳՆ ղեկավարը։
Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպել է փետրվարի 26-ին։ Սա արտգործնախարարի առաջին պաշտոնական այցն է Կիև, Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հանդիպումը «նոր ազդակ կհաղորդի փոխշահավետ երկխոսության հետագա ինտենսիվացմանը»: